23/04/2014 13:21
Զոհրաբյան. 40 հզր դրամ ստացողը ինչպե՞ս է տալու 30 հզր դրամ տուգանք
«Սեքյուրիթի Դրիմ» կազամակերպությունը փող ստանալուց բացի ուրիշ ոչինչ չի անում: Ազգային ժողովում ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Անձնազոհության մեդալ պետք է տալ ձեր կազմակերպությունը»,- դիմելով «Սեքյուրիթի Դրիմ» կազամակերպության տնօրեն Ալիկ Զաքարյանին, ով նույնպես մասնակցում է լսումներին՝ ասաց Ն. Զոհրաբյանը:
Ճանապարհատրանսպորտային պատահարներին, դրանց հետևանքով զոհերի, վիրավորների թիվը, ԲՀԿ պատգամավորի խոսքով, չի նվազել, խայտառակ վիճակ է երթևեկության վիճակը:
Խոսելով տուգանքների մասին՝ Ն. Զոհրաբյանն իր խոսքն ուղղեց Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին՝ նշելով, որ եթե տուգանքները համաչափ են, ապա ինչո՞ւ է Հրայր Թովմասյանն ասում, որ ստեղծվել է աշխատանքային խումբ և տուգանքների համաչափության խնդիրը ուսումնասիրվում է:
«Պարոն Օսիկյան, դուք պնդում եք, որ տուգանքները համաչափ են: ՀՀ-ում մեկ մլն մարդ ապրում է աղքատության սահմանագծի վրա, էլ չենք ասում դրանից ներքև սահմանագծում ապրողերին: Հարց է առաջանում, թե քառասուն հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը ինչպե՞ս է տալու, օրինակ, երեսուն հազար դրամ տուգանք: Դուք ասում եք, որ համաչափ է, ես էլ ասում եմ՝ խելագարության հասնող չափ է»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
ԲՀԿ պատգամավորն ասաց նաև, որ կան խախտումներ, այնուամենայնիվ, որ դրանց տուգանքները պետք է խստացվեն. «Դե գիտեք, Հայաստանում կան մարդիկ, որոնք խախտումներ են անում ու դա նրանց համար նորմալ է»:
Եզրափակելով խոսքը՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ եթե լսումներն արդյունք չտան, ապա կստացվի, որ դրանք հերթական լսումներն էին «գալչկա» ստանալու համար:
Նախորդող հրապարակում՝ Օսիկյան. Եթե տուգանքը լինի 1000-2000 դրամ, մարդիկ կշարունակեն խախտումները