24/04/2014 10:30
Գյուղապետը մեզ ասում ա ոչխար. Արմաշ գյուղի գյուղացիները բողոքում են
Արարատ ՋՕԸ (ջուր օգտագործողների ընկերություն) իրավաբան Վ. Բարսեղյանը և տնօրեն Խ. Հարությունյանը Արմաշ գյուղի գյուղացիների հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել են, թե ՀՀ կառավարությունից ստացված հրահանգի համաձայն՝ կարկուտից և ցրտահարությունից տուժած գյուղացիներին միայն ծիրանի այգիների համար կտրամադրվի 50% զեղչով ոռոգման ջուր, իսկ ընդհանրապես ոռոգման ջուր ջրօգտագործողները կստանան, երբ ջրամատակարարման պայմանագրով սահմանված կարգով դիմեն ընկերությանը:
Գյուղացիները մտահոգություններ ունեն, որ դեռևս չհաստատված ՀՀ Կառավարության կողմից հատկացվող, այսպես ասած՝ «օգնությունը» մի փոքր «անհասկանալի» է դառնում. «Անհասկանալի է մնում այն, թե տնամերձ հողատարածքներում աճեցված ծիրանենիների և մնացած այլ ցրտահարված կուլտուրաների համար ՀՀ կառավարությունը ի՞նչ մոտեցում է ցուցաբերելու»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց գյուղացիներից Տիգրանը:
Տիկին Ժաննան էլ իր հերթին հավելեց, որ թեև խոսակցություններ կան, թե գյուղացիներին ՀՀ կառավարության կողմից կհատկացվի համապխատասխան օգնություն, սակայն ոչ մի օգնություն էլ չի ցուցաբերվել: Նա դժգոհություններ հայտնեց, որ թեև տեղյակ չէ, գյուղացիներին մասնավորապես ինչ օգնություններ են բաժանվում, բայց այդ օգնություններից օգտվում են բացառապես Արմաշ գյուղի գյուղապետ Հակոբ Զեյնալյանի մերձավորները: «Գյուղապետն իր հարազատներին ու մտերիմներին է բաժանում: Մինչ օրս միայն նրա ազգակիցներն ու հարազատներն են օգտվել այդ օգնությունից՝ մոտիկ ընկերներ, քավոր-սանիկներ…Իսկ ով իր մարդը չի, ինքն անտեսվում է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այս օրերին գյուղում բաժանվել են լոլիկի, ձմերուկի ու սեխի սերմացուներ, դիզվառելիք, և այլն: «Գնացել եմ, դիմում եմ գրել, բայց ոչ մի օգնություն էլ դեռ չենք ստացել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ոռոջման ջրին՝ տիկին Ժաննան փաստեց, որ գյուղում չկա ոչ միայն ոռոգման ջուր, այլ առհասարակ խմելու ջուր: «Չգիտենք զեղչով են տալիս, թե ինչով, բայց մեր գյուղացիները ջուր չունեն: Լսել ենք, որ այդ զեղչը հատուկ կարգով է տրամադրվում. ծառերը պետք է 7 տարեկանից բարձր լինեն, իսկ եթե 7 տարեկան չկան՝ զեղչ չի կիրառվում»,- նշեց Ժաննան՝ ընդգծելով, որ ոռոգման ջրի հետ կապված իրենք դիմել են գյուղապետին, ով անպատվել ու վիարվորել է գյուղացիներին:
«Ո'չ խմելու ջուր ունեմ, ո'չ էլ ոռոգման: Դիմել եմ գյուղապետին, որ արդեն 15 տարի ջուր չունեմ, ինքը ինձ ոչխար, հոգեկան հիվանդ, դեբիլ ա անվանում: Դիմում-բողոք եմ ներկայացրել ոստիկանություն, նամակ եմ գրել ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազություն: Տեղյակ ենք պահել նաև մարզպետին, բայց մի պատասխան նամակ ենք ստացել, որով փաստվում է, որ ոչ ոք ոչ մի հարց չի լուծել»,- նշեց տիկին Ժաննան՝ մանրամասնելով, թե ջրի ու գյուղապետի վերաբերյալ բողոքները այսօր էլ գյուղում շարունակվում են: Նրա խոսքով՝ բողոքի հիման վրա մարզպետարանից ներկայացուցիչ է եկել գյուղ, բայց անգամ նրան գյուղապետը կարողացել է հետ կանգնեցնել: «Անցյալ տարի եկավ՝ գյուղապետը տարավ գյուղապետարան, կաշառեց, պատիվ տվեց ու մեր հարցն այդպես էլ չլուծվեց»,- ասաց նա:
Մեզ չհաջողվեց կապ հաստատել Արմաշ գյուղի գյուղապետ Հակոբ Զեյնալյանի հետ: Ցավոք, նա մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց: Ասում են՝ Զեյնալյանը լրագրողներից «սասափում» է: Գյուղում զանազան խոսակցություններ են շրջանառվում, անգամ կատակում են. «Երբ լրագրողը Զեյնալյանին է զանգահարում կամ նրա մասին որևէ բան է գրում, գյուղապետին ասում են՝ «չե՞ս կարողացել լրագրողի հետը լեզու գտնել»:
Զեյնալյանի փոխարեն մեր հարցերին պատասխանեց ՋՕԸ տնօրեն Խաչիկ Հարությունյանը, ով պարզաբանեց, որ թեև հստակ որոշումը չկա, այդուհանդերձ գյուղացիները ոռոգման ջրով ապահոված են: «Քանի դեռ Կառավարության հստակ որոշումը չկա, մենք չենք կարող ոռոգման ջրի համար 50% զեղչը կիրառել: Սպասում ենք Կառավարության համապատասխան որոշմանը, որից հետո կորոշեն, թե այդ 50 տոկոսից ովքեր են օգտվելու: Ինչ վերաբերում է սահմանված նորմերին՝ ապա դրանց վերաբերյալ ոչ ոք չի կարող սպասռիչ պատասխան տալ, քանի դեռ հստակ որոշումը չկա: Տեղյակ ենք միայն, որ պտղատու այգիներին են վերաբերվելու»,- հավելեց նա:
Դիտարկմանը, թե գյուղացիները պնդում են, որ այդ զեղչը կկիրառվի միայն 7 տարեկան և ավելի բարձր ծառերի դեպքում՝ Խ. Հարությունյանը պարզաբանեց, որ մինչև 7 տարեկան ծառերը պտուղ չեն տալիս: «Ուստի ցրտահարման խնդիր էլ չկա: Ինչ վերաբերում է 50% սուբսիդավորմանն՝ ապա դա վերաբերում է միայն մարզի սահմանամերձ գյուղերին: «Արմաշ գյուղն այդ ծրագրում ընդգրկված չի եղել: Արմաշ գյուղի ոռոգման ջրի պոմպակայանն է վնասված եղել , որն արդեն վերանորոգվել է: Թեև օրենքը չի հաստատվել, բայց մենք ոռոգման ջուր մատակարարում ենք գյուղացիներին: Իսկ Արմաշում 5-6 օր է ինչ ոռոգման ջուր կա»,- ասաց Հարությունյանը: