24/04/2014 14:21
Աշոտյան. Ցեղասպանության միջազգային ճանաչմանն անհրաժեշտ է համակարգվածություն
Կարևոր է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ լրացուցիչ նյութեր հրատարակվեն, քանի որ, ցավոք, երբ հնարավորություն է լինում արտահայտվելու, շատ քաղաքացիներ փաստերի լեզվով չեն կարողանում խոսել այս ողբերգության մասին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
Շարունակելով խոսքը` Ա. Աշոտյանն ասաց, որ հաճախ մակերեսային ընկալում է լինում և այդ մակերեսային ընկալման պարագայում մեր հայրենակիցները կարիք ունեն լրացուցիչ գիտելիքների:
Խոսելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի քայլերի մասին` Ա. Աշոտյանը նախ ասաց, որ Հայաստանի քայլերը միջազգային ճանաչման ուղղությամբ ուրվագծված են ՀՀ Նախագահի ուղերձում:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում անհրաժեշտ է համակարգված աշխատանք, հատկապես պետք է հաշվի առնել մեր հարևան երկրի քաղաքական մտադրությունների մշուշոտ լինելը»,- ասաց նա` ավելացնելով, որ Հայաստանի ուժն իր միասնական ջանքերի մեջ է: