24/04/2014 14:13
Ա. Մարտիրոսյան. Հայաստանը պետք է փորձի իր շահերը սպասարկել
Հայաստանը, որպես պետություն, պետք է փորձի իր շահերը սպասարկել, պետք է լինի այնպիսի պետություն, որի հետ ցանկանում են գործընկերային հարաբերություններ հաստատել, որովհետև գիտեն, որ անկախ պետություն է և ի զորու է ինքնուրույն քայլեր անել: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հայաստանն իր շահը, Ա. Մարտիրոսյանի խոսքով, չպետք է ստորադասի որևէ այլ երկրի շահից և չսպասարկի այլոց շահերը:
«Ցեղասպանության ճանաչման հզոր ալիք չենք կարող ակնկալել այս պայմաններում»,- ասաց նա` ավելացնելով, որ եթե ինչ որ հաջողություններ լինեն, ապա դրանք կլինեն Սփյուռքի աշխատանքի շնորհիվ:
«Որևէ մեկն իր արտաքին քաղաքական շահը չի վտանգի կախվածություն ունեցող որևէ այլ պետության համար»,- ասաց նա:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը` Ա. Մարտիրոսյանը դրական որակեց դրա առկայությունը, սակայն բովանդակությանը տվեց խիստ բացասական գնահատական. «Դա նույն ժխտողական քաքաղականությունն է»:
Ի դեպ, Ա. Մարտիրոսյանը հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Ստամբուլում է, որտեղ մասնակցում է Ցեղասպանության վերաբերյալ կոնֆերանսի: