24/04/2014 14:57
Վերաքննիչը բեկանել է պետությանը 38 մլն դր. վնաս պատճառելու գործով դատավճիռը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Սահակ Բարսեղյանին դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ 55-ամյա Սահակ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքի՝ նա հանդիսանալով «Արծիվ Սահակ», «Որսորդ Սահակ», «Սահակ և Հարութ», «Վիշապասար» և «Սագաբա» ՍՊ ընկերությունների տնօրենը, փաստացի ղեկավարելով նաև «Օձաձոր» ՍՊ ընկերությունը, 2005-ից 2010թ-ն ընկած ժամանակահատվածում միասնական հանցավոր մտադրությամբ՝ անձնական շահերից ելնելով, օժանդակել է տարբեր ֆիզիկական անձանց առանց պետական գրանցման և հաշվառման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն, ՀՀ է ներկրել վերջիններիս պատկանող տարբեր տեսակի ապրանքներ, որոնք ՀՀ մաքսային սահմանում ներկայացրել է որպես իր ՍՊ ընկերություններին պատկանող բեռներ, իսկ մաքսային ձևակերպումները կատարելուց հետո հանձնել նրանց, ովքեր էլ, իրացնելով դրանք, իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն՝ ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 38.302.200 դրամի վնաս։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-188 Հոդվածի 3 Մասի 1 կետի, 38-205 Հոդվածի 2 Մասի, 205 Հոդվածի 2 Մասի և 193 Հոդվածի հատկանիշներով:
Դատարանի դատավճռով Ս. Բարսեղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ hոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդված 2-րդ մասով և 193-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ hոդվածի 2-րդ մասով և լրացուցիչ պատիժները մասնակիորեն գումարելով` Սահակ Բարսեղյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 (վեց) տարի ժամկետով` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով և գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել, քան 65.000.000 ( վաթսունհինգ միլիոն ) ՀՀ դրամի չափով։
Ս. Բարսեղյանի պաշտպանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և Սահակ Բարսեղյանին ճանաչել անպարտ, կիրառել ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածը:
Վերաքննիչ դատարանը բավարարել է ամբաստանյալ Ս. Բարսեղյանի պաշտպան Մ. Մանուկյանի վերաքննիչ բողոքը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: