24/04/2014 12:38
Դ. Հարությունյան. Էրդողանի հայտարարությունը զուտ քաղաքական խաղ էր
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը քաղաքական դրդապատճառներ ունի: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Եթե ոմանք որպես փոփոխություն են դիտում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ապա ես, ցավոք, դեռևս չեմ կարող համաձայնել նման գնահատականի հետ: Ես շատ լավ հասկանում եմ այդ քայլի իմաստը, այն զուտ քաղաքական դրդապատճառներ ունի: Ընտրված է պատշաճ պահ` իբրև երկրի զարգացման հետ կապված, և այն խայտառակ պատմությունների, որոնցում հայտնվել է թուրքական վերնախավը»,-ասաց նա:
Դ. Հարությունյանը վստահություն հայտնեց, որ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը:
«Բացարձակապես չեմ կասկածում, որ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը: Վստահ եղեք` հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Դ. Հարությունյանը:
Հարցին՝ արդյոք հարցը պետք չէ՞ տեղափոխել իրավական հարթակ, նա պատասխանեց, որ սա իրավական հարթակի հարց չէ, սա քաղաքական հարց է, քանի որ փաստերն անհերքելի են և մնում է այն ճանաչելու քաղաքական կամք դրսևորել:
Նա նշեց, որ մենք բոլոր խնդիրներին դիմակայելու համար պարտավոր ենք ավելի հզորացնել մեր երկիրը:
«Սա է բոլոր հայերի հայրենիքը: Ցավոք, փոքր է մնացել, բայց մենք պարտավոր ենք այն շենացնել: Սա կլինի ամենալավ հարգանքի տուրքը այն միլիոնավոր զոհերի հիշատակին»,- ասաց Դ. Հարությունյանը:
Նախորդող հրապարակում՝ Թուրքիայի վարչապետը՝ 1915 թ. դեպքերի մասին. Մենք ցավակցում ենք հայերին