24/04/2014 13:08
Շարմազանով. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ պետք է միավորվենք
Հայոց ցեղասպանության դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգային անկյունաքարերից մեկն է, կարծում եմ` դա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև առաջադեմ հասարակության խնդիրն է`դատապարտել Ցեղասպանությունը: Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարելը կարևորեց, քանի որ նաև այսօր` 99 տարի անց, Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտողականության քաղաքականությունը, շարունակում են կեղծել պատմությունը, և դեռևս պատրաստ չեն հաշտվել իրենց պատմության հետ:
«Համոզված եմ, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մենք բոլորս` ընդդիմություն, թե իշխանություն, ռամիկ, թե ռանչպար, սփյուռքահայ, թե Հայաստանի բնակիչ, պետք է բոլորը միավորվեն և պայքարեն այս մեծ ոճիրի դեմ»,- շեշտեց Է. Շարմազանովը՝ հավելելով, որ քանի դեռ չի դատապարտվել Ցեղասպանությունը, վտանգ կա, որ կարող է այն կրկնվել. «Ավելին, ժխտողականության դեմ չպայքարելը գրեթե ապահովում է կրկնություն»: