24/04/2014 15:55
Լևոն Զուրաբյան. Էրդողանի հայտարարությունը փոխադարձ համաձայնեցված քայլ է
Չի կարելի Էրդողանի հայտարարությունը դիտարկել առանձին կոնտեքսից դուրս: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Այդ հայտարությունը, նրա խոսքով, համաձայնեցված է եղել. «Եղել է ցավակցություն Էրդողանի կողմից, շնորհակալություն՝ Սերժ Սարգսյանի կողմից: Պետք է միամիտ լինել` չհասկանալու այդ ամենը, որ սա փոխադարձ համաձայնեցված քայլ է»:
Էրդողանի հայտարարությանը, շարունակեց խոսքը Լ. Զուրաբյանը, նախորդել է գաղտնի դիվանագիտական հայ-թուրքական գործընթաց, որի հետևանքով «կողմերը համաձայնեցրել են և փոխադարձ ռեվերանս են արել»:
Լ. Զուրաբյանը վստահ է, որ այդ ամենը մեկ նպատակ է հետապնդում. «Ուզում են ապրիլի 24-ից առաջ ցույց տալ ամբողջ աշխարհին, որ հայ-թուրքական արձանագրությունները մեռած չեն, թաղված չեն, ուզում են ասել, որ այդ գործընթացն այսօր էլ շարունակվում է, իսկ դրանով հետաքրքրված են ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան, այլև` ԱՄՆ-ն, որովհետև ամեն տարի ապրիլի 24-ից առաջ լրջագույն ճնշում կա ԱՄՆ-ի վրա հայակական լոբբիի կողմից, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ-ի համար սա անհրաժեշտ է, քանի որ, եթե հատուցման գործընթացը շարունակական լինի և երևացող` ամբողջ աշխարհի համար, դա թույլ կտա ԱՄՆ-ին զերծ մնալ Թուրքիային դատապարտող և Ցեղասպանության մասին որևէ վեհ հայտարարություն անելուց»:
Վերադառնալով Էրդողանի հայտարարությանը` Լ. Զուրաբյանն ասաց, որ այդ հայտարարությունը շարունակությունն է Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրությունների, որից միայն շահել է Թուրքիան. «Իսկ դրանով հարցականի տակ դրվեց նաև Ցեղասխանության եղելությունը: Բացի Թուրքիայից, շահել է նաև ԱՄՆ-ն: Իսկ Հայաստանից շահել է միայն Սերժ Սարգսյանը, ով կարողացել է պահել իր իշխանությունը»,- ասաց Լ. Զուրաբյանը` հավելելով, որ միակ պարտվողը եղել է Հայաստանը:
«Հայ-թուրքական սահմանն այդպես էլ չբացվեց»,- ասաց նա և ավելացրեց, որ արձանագրություններն անընդունելի են ոչ միայն իր, այլև` ողջ Հայաստանի համար:
Ինչ վերաբերում է առաջիկայում սպասվելիք ԱՄՆ նախագահի կոշտ հայտարարությանը, ապա նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել: