24/04/2014 15:25
«Թուրքական արյունոտ ողջ շրջանում հայը շատ անգամ բնաջնջվելու էր դատապարտված»
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր մատուցվեց Ս. Պատարագ։ Պատարագիչն էր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ով իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին:
«Ապրիլյան Եղեռնի մեր նահատակներն իրենց գոյությամբ հավատացին և հետևեցին այն ճշմարտությանը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր կյանքով, խոսքով փոխանցեց ողջ մարդկությանը. «Մի՛ երկնչիք յայնցանէ, որք սպանանեն զմարմին, և զոգի ոչ կարեն սպանանել» (Մատթ. Ժ 28):
Այսօր ուխտի օր է մեզ համար և այս տխուր առիթով ազգովի համախմբվել ենք Քրիստոսակերտ ու Լուսավորչահիմն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Ծիծեռնակաբերդի վսեմ բարձունքում` Ցեղասպանության նահատակների հուշարձանի առջև, ջերմեռանդ աղոթքով, խնկով ու մոմերով մեր հարգանքի և պաշտամունքի բաժինը բերելու նրանց խնկելի, պաշտելի, համբուրելի հիշատակին: Ցավալի է ասել, որ մեր ժողովրդի պատմական կյանքը հնուց ի վեր եղել է տառապանքների ու մարտիրոսացումների երկար և ահեղազանգ շղթա. պարսկական, թաթարական ու թուրքական արյունոտ ողջ շրջանում հայը շատ անգամ բնաջինջ լինելու էր դատապարտված, սակայն իր տոկալու զորավոր կամքի ու կորովի շնորհիվ հաճախ կարողացել է մոխիրներից կյանք առնել:
…Ահա 99 տարիներ, հավատարիմ իրենց ուխտին, երիտասարդներ, ծերունիներ, մանուկներ, կանայք և աղջիկներ սեպում են իրենց աղոթքները Ծիծեռնակաբերդում` արդարության և ճանաչումի ակնկալիքով: Բողոքի, ցավի և դառնության երթ է` աշխարհին և պետություններին հիշեցնելու ճշմարտության ճանաչումը, որովհետև ինչպես առաքյալն է ասում. «Ծանիջի՛ք զճշմարտութիւն, և ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ» (Հովհ. Ը 32): Այո՛, ճշմարտության ժխտումը կամ մերժումը ծանր բեռ է ոչ միայն մերժվածի, այլև մերժողի վրա: Ճշմարտությունը կարող է վարագուրվել, կարող է խեղդվել, բայց ոչ երբեք խափանվել կամ կորչել», - մասնավորապես նշեց պատարագիչ Սրբազանը:
Անուշավան եպիսկոպոսը հավատավոր հայորդիներին հորդորեց մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի առջև ուխտել վառ պահելու հայրենասիրության վսեմ ոգին, հավատարիմ մնալ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ավանդույթներին և պանծալի սկզբունքներին, ուխտել թոթափելու իարարմերժ, ատելավառ, ազգավնաս արարքները, լինել պատնեշ ընդդեմ այլասերման կործանարար ձգտումների, լինել մեկ սիրտ ու մեկ հոգի` պաշտպանելու համար ազգային դիմագիծն անարյուն, սպիտակ ջարդերի հանդեպ:
Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարևանությամբ կանգնեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգիստ 1915 թ. Հայոց Եղեռնի նահատակների համար: Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, վանաբնակ միաբաններ, Մայր Աթոռի բարերարներ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Չեմպերճյանը և Հրաչ Թուֆայանը, բազում հավատավոր հայորդիներ:
Աղոթքի և ուխտի խաչքարը հայ նահատակներին նվիրված առաջին հուշարձանն է Հայաստանում` կառուցված 1965 թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ` Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի առիթով։ Հուշարձանը նաև խորհրդանշական գերեզման է ցեղասպանության զոհերի համար. 1965 թ. նոյեմբերին խաչքար-հուշարձանի ներքո ամփոփվել են Դեր-Զորից բերված նահատակների աճյուններ։