24/04/2014 13:43
Պ. Հայրիկյան. Մեր մեծագույն խնդիրը Ցեղասպանության հետևանքների վերացումն է
Պետականության ստեղծումից հետո մեր մեծագույն խնդիրը Ցեղասպանության հետևանքների վերացումն է: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Մի քանի տարի առաջ ինձ հաջողվեց, որ այս գաղափարը կիրառելի դառնա նաև մեր իշխանությունների կողմից: Բոլոր առթիներով մենք պետք է հիշեցնենք, որ Ցեղասպանության հետևանքով միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքների 80 տոկոսը բռնագրավված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Էլի եմ ասում՝ խոսքը միջազգայնորեն ճանաչված տարածքների մասին է»,-ասաց Պ. Հայրիկյանը, ընդգծելով, որ Ցեղասպանության մասին խոսելիս պետք է պարտադիր խոսել նաև Ցեղասպանության հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
«Ցեղասպանություն, որպես կանոն, իրականացնում են բռնատիրական իշխանությունները: Դրանք լինում են նաև կայսրություններ: Սա ռուս-թուրքական դավադրության հետևանք էր»,-ասաց Պ. Հայրիկյանը:
Նշենք, որ Պ. Հայրիկյանը Ծիծեռնակաբերդ էր բարձրացել եռագույն և Եվրամիության դրոշներով:
Հարցին՝ ինչո՞ւ է եռագույնի հետ Ծիծեռնակաբերդ բերել նաև Եվրամիության դրոշը, Պ. Հայրիկյան պատասխանեց. «Եթե նկատեցիք՝ ԵՄ-ն դրոշների վրա սև ժապավեններ կան և ԵՄ-ն այսօր մեծագույն կառույցն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա: