24/04/2014 11:56
ԱՄՆ կոնգրեսական. Թուրքիան ևս պետք է ընդունի Ցեղասպանության փաստը
«Ցեղասպանությունը ճանաչվել է մեր նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից: Մեր դասագրքերում նշված է այդ մասին և մենք մեր աշակերտներին սովորեցնում ենք և հիշեցնում ենք Հայերի ցեղապասնության մասին:
Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ կոնգրեսական, ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:
Նա հավաստացրեց, որ չկա մի ամերկացի, ով չգիտի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ դա իրենց դասագրքերում ուսուցանվում է:
«Մենք այստեղ ենք նաև Ցեղասպանությունից զատ Հայաստանի հետ խոսելու, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ՀՀ-ի հետ առևտրային և ներդրումային ավելի խորը հարաբերություններ հաստատվեն, և դա անել նաև ամերիկահայերի ջանքերով, որպեսզի Հայաստանը աշխարհի քարտեզի վրա ավելի տեսանելի և նշանակալի տեղ զբաղեցնի: Մենք փորձում ենք նաև այնպես անել, որ փոխայցելությունները 2 երկրների միջև ավելի շատ լինեն: Մենք այսօր առավոտյան խոսեցինք ներդրումների ծրագրերի մասին, որը կապահովի առևտրային և ներդրումային ծրագրերի խորացման հիմքերը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին իրենք կրկին իրենց պատվիրակությամբ կգան: «Այս հարցը շատ կարևոր է, և մենք չենք մոռացել, մենք զորավիգ ենք»,- ասաց նա:
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության անդամ Էլլիոթ Լանս Էնգելն էլ ասաց, որ թեև իրենք Է. Ռոյսի հետ առանձին կուսակացություններ ենք ներկայացնում, բայց Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ միասնական են:
«Մեր հանձնաժողովում քանիցս բանաձևեր են ընդունվել, ամերիկյան ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեսապանությունը, և կարծում եմ, Թուքրիան ևս պետք է ընդունի այս փաստը: Մենք ԱՄՆ-ում ունենք ակտիվ կենսունակ ամերիկահայ համայնք, Կալիֆորնիայից մինչև Նյու-Յորք և նրանք բարձրաձայնել են այս խնդիրը, այս հարցի մասին բոլորը գիտեն: Մենք այստեղ ենք, հայ ժողովրդի մոտ, որպեսզի մեր համերաշխությունը, զորակցությունը հայտնենք հայ ժողովրդին: Մենք հասկանում ենք, որ երբ նայում ենք առաջ, պետք է նաև ընդունենք անցյալի փաստերը: Չենք կարող հերքել ցեղասպանության փաստերը և հայ ժողովուրդը պետք է իմանա, որ մենք զորավիգ ենք նրանց»,- ասաց նա: