25/04/2014 10:41
ՊԵԿ-ի 28-ամյա աշխատակցուհին պետությանը 8.801.381 դր պարտավորություն ունի
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է պետության նկատմամբ ունեցած 8.801.381 ՀՀ դրամի պարտավորության գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ 28-ամյա Լիանա Ղազարյանին առաջադրված մեղադրանքի՝ նա աշխատելով 2005թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «էյ էլ Ջի Թի» ԱՊ ընկերության տնօրեն, Երևան քաղաքի Ալիխանյան 1 հասցեով գտնվող տարածքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, այն է՝ գովազդային ծառայությունների մատուցման վերավաճառքով, շահույթ ստացել, սակայն, անձնական շահերից ելնելով՝ պարտատիրոջ՝ պետության հանդեպ առաջացրած հարկային պարտավորությունները չկատարելու միջոցով շահույթ ստանալու նպատակով, այն է՝ տվյալ ժամանակահատվածում ծավալած տնտեսական գործունեության արդյունքների վեաբերյալ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչություն ներկայացված հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկներով ու հաշվետվություններով պետ բյուջեի նկատմամբ առաջացրել Է 4.616.054 /տույժ և տուգանքներով՝ 8.801.381/ դրամ գումարի պարտավորություն և, ունենալով այդ գումարը վճարելու հնարավորություն, չի վճարել ՝ նշված պարտավորությունը թողնելով ընկերության վրա՝ հետագայում օրենսդրությամբ սահմանված կարգով այն սնանկ ճանաչվելու ու լուծարվելու նկատառումներով։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (Կանխամտածված սնանկությունը
Կանխամտածված սնանկությունը՝ պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես՝ նաեւ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձանց շահերից ելնելով, եւ եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով) հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: