25/04/2014 09:38
Ցրտահարության վնասի չափը կհրապարակվի ապրլի 28-ին
Մարտի 30-ին մեր հանրապետությունում գրանցված ցրտահարության վնասների չափը գյուղատնտեսության նախարարության կողմից կհրապարակվի գալիք երկուշաբթի օրը՝ ապրիլի 28-ին: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին ասել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Ավելի վաղ գյուղնախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից թերթին վստահեցրել էին, որ բերքի կորստի վերաբերյալ նախնական տեղեկությունները կհրապարակվեն առավելագույնը ապրիլի 13-ին:
Երկու շաբաթ ուշացումը երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում Գառնիկ Պետրոսյանը պայմանավորել է նրանով, որ որոշ մարզպետարաններ դեռ չեն ամփոփել հանձնաժողովների ուսումնասիրությունները: «Կարող ենք երկուշաբթի ներկայացնել, որևէ խնդիր չկա»,- ասել է փոխնախարարը:
Թերթի թղթակցի հարցին՝ միգուցե վնասների չափի հրապարկումը կապված է գյուղատնտեսության նախարարի նշանակման ուշացման հետ, և այդ պատճառով են աշխատանքները դանդաղել(ապրիլի 3-ից Սերգո Կարապետյանը գտնվում է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում), փոխնախարարը պատասխանել է. «Բերքի կորուստների չափը հաշվարկում են համայնքային, մարզային հանրապետական հանձնաժողովները, որոնց աշխատանքը նախարար նշանակել-չնշանակելու հետ կապ չունի: Եթե մարզպետարաններն էլի ուշացնեն եզրակացությունները, մենք պարտադիր կպահանջենք և երկուշաբթի կներկայացնենք: Ըստ Պետրոսյանի` վնասի չափը կներկայացվի թվերով: Դա կլինեն նախնական, 80-90 տոկոս ճշգրտությամբ տվյալներ: