19/05/2014 20:50
Լևոն Կոջոյան. Ինձ հիմա էլ ամենաշատը ոգեշնչում է կյանքը
Aysor.am-ը ներկայացնում է նկարիչ Լևոն Կոջոյանի «կյանքի կանոնները»:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Կոջոյանը ծնվել է 1924 թ. Ռուսաստանում: Աշակերտել է Հակոբ Կոջոյանին:
Երջանկություն է, բախտավորություն, որ մարդ լույս աշխարհ է գալիս. շնորհակալ եմ իմ ծնողներից և Աստծուց, որ այս աշխարհ եմ եկել և տեսել այս գեղեցկությունը:
Փոքր ժամանակվանից նկարել եմ: Շատ էի սիրում ձիեր նկարել, որովհետև հայրիկս ձիերի հայտնի սիրահար էր, ամեն կիրակի մեզ ձիարշավարան էր տանում, դա ինձ վրա մեծ ազդեցություն թողեց:
Մենք ապրում էինք կանաչ սարի ստորոտի մոտ և բնությունը շատ մոտ էր մեզ: Մենք հաճախ գնում էինք, մարզվում, վազում, ուրախանում, այդ ժամանակից էլ ինձ վրա գեղեցիկի, բնության դրոշմը մնացել է:
Արվեստը` կերպարվեստը հատկապես, կյանքի, գեղեցիկի գովերգումն է: Բեթհովենը ասել էր, որ կանոն չկա աշխարհում` գեղեցիկի գովերգումը արգելելու: Գեղեցիկը պետք է գովերգել:
Աստված պարգևել է մեզ այս մոլորակը և դրախտը հենց մեր երկիրն է, միայն մարդիկ պետք է լինեն զգոն, զուսպ, սիրով, հույսը պահպանեն:
Մարդու համար ամենարեջանիկ օրը այն է, երբ ինքը լույս աշխարհ է եկել:
Մարդը պետք է ձգտի պահպանել այն ներդաշնակությունը, ինչպիսին որ կա տիեզերքում:
Եթե մարդ ընտրել է ինչ-որ մասնագիտություն, ապա պետք է ձգտի հմտանալ, վարպետանալ այդ գործում:
Իմ նշանաբանը կյանքի, գեղեցիկի գովքն է:
Ես առաջընթացի կողմնակիցն եմ: Այն ռեալիզմը, որ կար նախկինում, այժմ դարձել է ավելի կերպարային, արտահայտիչ, փնտրում են գեղեցիկը արտահայտելու այլ միջոց, բայց հիմքում ընկած գեղեցկությունը նույնն է մնացել:
Շատ կարևոր է, որ արվեստի գործիչը չմոռանա ազգայինը:
Իմը ամենասովորականի մեջ գեղեցիկը տեսնելն է, դա կլինի անգամ տանը, կամ շուկայում: Դա էլ իմ շնորհն է:
Իսկական նկարիչը երբեք չի ասում, որ ինքը իսկական նկարիչ է, միակն է:
Իմ կյանքի ամենագեղեցիկ պահը այն էր, երբ ես և հայրս պատերազմի ժամանակ մի պահ հանդիպեցինք, երկուսս էլ զինվորական հագուտով էինք և գրկախառնվեցինք:
Հակոբ Կոջոյանը ինձ առաջին հանդիպման ժամանակ ասաց` դու արդեն նկարիչ ես, բայց պետք է սովորես:
Մենք ամեն օր սովորում ենք` մինչև մեր կյանքի վերջին օրը:
Բնությունը ամենամեծ ուսուցիչն է:
Ինձ հիմա էլ ամենաշատը ոգեշնչում է կյանքը:
Նախորդող հրապարակում` Հովհաննես Չեքիջյանի «կյանքի կանոնները». Կատարելությունը փախչում է ինձանից
Արմեն Հյուսնունցի «կյանքի կանոնները». Ամենադժվարը ինքդ քեզ չխաբելն է
Արտո Թունջբոյաջյանի կյանքի կանոնները. Պարտվում ես, եթե խաբում ես ինքդ քեզ