26/05/2014 14:59
Յահիր Աուրոն. Հայ և հրեա ժողովուրդների պատմության մեջ կան նմանություններ
Այսօր իսրայելցի գիտնական Յահիր Աուրոն իր «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի և երկարամյա գիտական գործունեության համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց ՀՀ Նախագահի մրցանակով:
Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարսգյանը դիմելով ներկաներին, մասնավորապես իսրայելցի գիտնականին ասաց. «Դուք՝ պարոն Յահիր Աուրոն, Ձեր ողջ գիտական վաստակով, պայքարում եք Հայոց ցեղասպանության ուրացման դեմ: Ես շատ ուրախ եմ, որ Իսրայելի և հրեական սփյուռքի ներկայացուցիչները պայքարում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Շատ լավ է, որ չնայած բոլոր դժվարություններին, Դուք չեք հրաժարվում Ձեր նախորդների վեհ գաղափարներից:
Առանձնահատուկ խորհուրդ կա նրանում, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելից մուտք գործելով՝ մենք ճանաչում ենք իսրայելցի գիտնական, պատմաբան Յահիր Աուրոնի վաստակը «Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու» անվանակարգով: Հրեա ժողովրդի մեծագույն ներկայացուցիչներից շատերը միշտ հաղորդակից են եղել հայ ժողովրդի ցավին ու ողբերգությանը: Հնարավոր չէ թվարկել բոլոր այն նշանավոր հրեա մտավորականներին, ովքեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը:
Բայց երկու անուն անպայման պետք է նշեմ: Առաջինը, ավստրիացի հրեա Ֆրանց Վերֆելն է, ով իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով զգուշացնում էր, թե ինչ արհավիրք է սպասում Եվրոպայի հրեաներին: Երբեմն գեղարվեստական մտածողության մարդիկ գիտնականներից շատ առաջ են անցնում: Երկրորդը, լեհ հրեա Ռաֆայել Լեմկինն է: Իրավաբան-գիտնական լինելով՝ նա ստեղծեց «ցեղասպանություն/գենոցիդ» եզրույթն ու դարձավ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին 1948-ի ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիմնադիր հայրը: Պատահական չէ, որ Լեմկինն ասում էր, թե այդ աշխատանքը կատարելիս՝ նա մտովի անդրադառնում էր երկու համաշխարհային պատերազմների ընթացքում հայերի և հրեաների ապրած աղետներին: Դուք, հարգելի՛ պարոն Աուրոն, Ձեր աշխատանքով, կանգնում եք Հայաստանի և հայ ժողովրդի համար այդ երկու նվիրական մարդկանց հետ նույն շարքում»:
Պրոֆեսոր Յահիր Աուրոն մրցանակ ստանալուց հետո հանդես եկավ ելույթով:
«Այսօր ես միացել եմ ձեզ որպես մարդ, որպես հրեա, որպես Իսրայելցի: Ես Իսրայելցի հրեա եմ` ծնված Հոլոքոստից հետո: Դրանից առաջ իմ ծնողները Լեհաստանից արտագաղթել էին Պաղեստին, սակայն Հոլոքոստի ժամանակ կորցրել էին շատ հարազատներ: Ես զբաղվում եմ ցեղասպանության թեմայով ընդհանրապես, և մոտ 25 տարի Հայոց ցեղասպանության հարցերով մասնավորապես: Իմ հետազոտությունները ինձ տարել են դեպի չնախատեսված վայրեր և իրադարձություններ: Պետք է խոստովանեմ, որ դրանք բացահայտեցին բաներ, որոնք ես չէի սպասում: Ես հույս ունեի գտնել հայերի տանջանքների ավելի լայն ճանաչում, ավելի շատ կարեկցանք և օգնության ավելի մեծ ճիգեր` նույնիսկ հրեա ժողովրդի շատ սահմանափակ հնարավորությունների պարագայում:
Դրա փոխարեն, ես գտա մեծ անտարբերություն և մի վերաբերմունք, որն ավելի շատ շեշտում էր մասնավորը, քան համամարդկայինը: Հետազոտություններիս արդյունքները տպագրվել են իմ 20 գրքերում: Հայ և հրեա ժողովուրդների պատմության մեջ կան նմանություններ, քանի որ երկուսն էլ երկար ժամանակահատվածներ ապրել են որպես ազգային-կրոնական փոքրամասնություններ պետություններում, որտեղ բնակչության մեծամասնությունը տարբերվում էր նրանցից և թշնամաբար էր տրամադրված նրանց հանդեպ: Ցեղասպանությունները, որոնց ենթարկվել ենք մենք, հրեաներս և հայերը նույնպես, ստեղծում են ևս մի նմանություն և կապ մեր միջև: Ինձ մոտ անընդհատ աճում է համոզվածությունը, որ նրանք, ովքեր կողքի են կանգնած, անուղղակիորեն աջակցում են մարդասպաններին, և ոչ երբեք զոհերին: Երբ մենք ընտրում ենք անտարբերությունը, մենք փաստորեն ագրեսորի կողմն ենք անցնում: Բարոյապես մենք չենք կարող պարապ նստել և նայել ցեղասպանության հանցագործություններին: Մենք չենք կարող ընդունել այն փաստարկը, որ մենք ոչինչ անել չենք կարող, կամ որ «այդպիսի բաներ պատահում են»: Բարոյական տեսակետից, կողքի կանգնածները պատասխանատու են, և գուցե նույնիսկ մեղավոր: Եկեք հիշենք, որ մեր ընդհանուր պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինձ համար գոնե, ունի մեծ բարոյական նշանակություն, և որ մեր համատեղ բարոյական պայքարում մենք պետք է լինենք հետևողական:
Ամեն մարդ և ամեն ժողովուրդ, բայց, իմ կարծիքով հատկապես մենք, հրեաներս և հայերս, ունենք շարունակական պարտավորվածություն` երբեք նորից չդառնալ զոհ, իհարկե երբեք չլինել հանցագործ և նաև երբեք չլինել անտարբեր: Անցյալ ամիս, Կնեսետի նախկին անդամ և նախկին նախարար Յահիր Զաբանին և ես սկսել ենք հանրային քարոզարշավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Մենք խնդրում ենք մարդկանց ստորագրել հետևյալ տեքստի տակ. «Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը և Իսրայելի Կնեսետին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Որպես Հոլոքոստ վերապրածների հետնորդներ, ովքեր պայքարում են դրա ժխտման դեմ, մենք պետք է մեր կարեկցանքը ցուցաբերենք մյուս ժողովուրդների տառապանքների հանդեպ»: Մենք հույս ունենք, որ մինչև 2015թ. ապրիլը կունենանք մոտ կես միլիոն ստորագրություն:
2015թ-ին, Իսրայելի Բաց Համալսարանում, իմ համալսարանում, մենք կազմակերպելու ենք միջազգային գիտաժողով, դժբախտաբար, առաջին անգամ Իսրայելում` նշելու համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դուք կլինեք մեզ հետ: Ես պայքարում եմ իմ կառավարության դեմ: Ոչ միայն ձեր պատճառով: Ես դա անում եմ ինձ համար, թույլ տվեք ասել, իմ բարոյական արժեքներից ելնելով, որոնք ինձ թույլ չեն տալիս անտարբեր մնալ: Ես ձեզ հավատացնում եմ, որ ես, և, համոզված եմ նաև բազմաթիվ հրեաներ Իսրայելում և ամբողջ աշխարհում, կշարունակենք մեր պայքարը Իսրայելի և ամբողջ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Սա իմ պարտականությունն է որպես մարդ արարած, որպես հրեա և որպես իսրայելցի»: