26/06/2014 17:02
Մաքսիմ Հակոբյանը՝ պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ
Հունիսի 24-ին Երևանում կայացավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) բաժնետերերի տարեկան ժողովը, որի ընթացքում քննարկվեցին 2013թ. գործունեության արդյունքներն ու արտադրության զարգացման հեռանկարները: Այս մասին տեղեկանում ենք ԶՊՄԿ մամուլի ծառայությունից:
ԶՊՄԿ-ի բաժնետերերն են «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ԲԸ-ն` 60% բաժնեմասով, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն` 15% բաժնեմասով, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ-ն` 12,5% բաժնեմասով, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն` 12,5% բաժնեմասով:
Ժողովին մասնակցում էին ՔՐՈՆԻՄԵՏ ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկին, գործադիր տնօրեն Թոմաս Հայլը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետերերի ժողովի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերում էին 2013թ. գործունեության արդյունքների ներկայացմանն ու արտադրության հետագա աճի և ընդլայնման հեռանկարներին: Դրական և արդյունավետ գնահատվեց ընկերության նախորդ տարիներին կատարած գործունեությունը, իրականացված աշխատանքի համար գովեստի արժանացավ ԶՊՄԿ աշխատակազմը, վերահաստատվեցին ընկերության տեխնիկական ընդլայնման, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու հետագա գործունեությանն առնչվող այլ առանցքային նախագծեր:
Ընկերության ապագա գործունեության համար նշանակալի դրական փոփոխություններ կատարվեցին վերջինիս կառավարման կառուցվածքում: Մասնավորապես ստեղծվեց ընկերության կառավարման նոր մարմին՝ տնօրենների խորհուրդ: Նորաստեղծ մարմնի գործունեության արդյունավետության ապահովման և ընկերության ռազմավարական հետագա զարգացման հստակ սահմանման նպատակով այդ պաշտոնին նշանակվեց ԶՊՄԿ բազմամյա գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Միաժամանակ ԶՊՄԿ նոր գլխավոր տնօրեն նշանակվեց պարոն Նիլ Ստիվենսոնը, որը մեծ փորձ ունի հանքաարդյունաբերության ոլորտում և ներկայումս ներգրավված է ՔՐՈՆԻՄԵՏ-ի այլ հանքաարդյունաբերական ծրագրերում:
Բաժնետերերի հանդիպման ավարտին արձանագրվեցին ընկերության զարգացման և հետագա ընդլայնման հիմնական ուղղությունները: Դրանք են՝ բիզնեսի տնտեսապես կայուն զարգացման ապահովումը, բոլոր շահագրգիռ կողմերի՝ բաժնետերերի, աշխատակիցների, ընկերության գործունեությանն աջակցող համայնքների համար երկարաժամկետ նպաստավոր պայմանների ապահովումը, շարունակական զարգացման հիմքերի ամրապնդումը: