08/07/2014 17:30
Լոնդոնի դատարանը համաձայնվել է արտահանձնել Աննա-Մարիա Գալոյանին
Լոնդոնի դատարանը համաձայնվել է արտահանձնել «Էստոնիայի եվրոպական ուղղություն» կազմակերպության նախկին ղեկավար Աննա-Մարիա Գալոյանին, ով դատապարտվել է խոշոր գումարի յուրացման համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Postimees»-ին:
Նրա արտահանձնման համար պայքարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը, սակայն որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել և Ա. Գալոյանը կարող է այն բողոքարկել:
Էստոնիայում Ա. Գալոյանը, ով ղեկավարել է նշված ՀԿ-ն 2007 թվականին, ծախսել է ՀԿ-ին տրամադրված մոտ 48 հազար եվրոն՝ հագուստի, զարդերի և գեղեցկության սրահներում ծառայությունների վրա:
2011 թ. մայիսին նա դատապարտվել է 5 ամսվա բանտարկության և 1.5 տարվա պայմանական ազատազրկման: Նա նաև պարտավորվել է հատուցել պատճառված վնասը, սակայն մինչև դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելը նա հեռացել է երկրից և վերջին 3 տարին անցկացրել Մեծ Բրիտանիայում:
2013 թ. ապրիլին լոնդոնյան դատարանը հրաժարվել է նրան արտահանձնել: 2010 թվականին Աննա-Մարիա Գալոյանը նկարահանվել է «Playboy» ամսագրի էստոնական տարբերակի համար: