08/07/2014 16:48
Արմեն Աշոտյան. Ես ուրախ կլինեի, եթե բուհերը բիզնես անեին
Հերթական տարին է, որ մեր հասարակությունը դրական իմաստով չի նկատում ընդունելության քննությունները, չի ապրում դրանցով: Այս մասին այսօր ԵՊՀ-ում քննական կենտրոն այցելելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը:
«Այս տարի ընդունելության գործընթացն էլ ավելի է հեշտացել, քննություններն առավել կանխատեսելի ու հանգիստ են դարձել, քննական առաջադրանքները որակյալ են՝ ուսումնական ծրագրի շրջանակներում»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք դրական գնահատական բոլոր ստացողներին բուհ ընդունելու սկզբունքի պատճառով չի իջնի՞ կրթության մակարդակը՝ նախարարը պատասխանեց, որ ուսման մակարդակն ուղիղ համեմատական չէ ուսանողների թվին.
«Մեզ ասում են՝ սա բիզնես է: Բայց այն, որ պրոֆեսոր դասախոսն իր աշխատանքի դիմաց գումար է ստանում, դա բիզնե՞ս է: Որ ասում են՝ բուհերը բիզնես են անում, զարմանում եմ: Ես ուրախ կլինեի, եթե բուհերը բիզնես անեին, որովհետև բոլոր զարգացած երկրներում բուհերն իրենց եկամուտների առնվազն մեկ երրորդը ստանում են բիզնեսից: Ճիշտ է, կրթական ծառայությունները մատուցվում են վճարովի, բայց դա այն բիզնեսը չէ, որ ես կցանկանայի, որ բուհերն անեին»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով՝ անպայման չէ, որ 18 միավոր ստացած դիմորդն ավելի լավ ուսանող լինի, քան 10 միավոր ստացածը.
«Երեխաներին պետք է քննական շեմը հաղթահարելու հնարավորություն տրվի»,- ասաց նա: