08/07/2014 18:43
Եթե վտանգավոր ստատուս քվոն պահպանվում է, ապա ո՞րն է այլընտրանքը. Դ Բաբայան
«Մենք համոզված ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք կարևորագույն երևույթներ: Հակամարտության կարգավորման գործընթացը պետք է սկսել ոչ թե այդ հետևանքները, այլ դրանց պատճառները վերացնելուց: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես արձագանքեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Twitter-յան հերթական գրառմանը Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ստատուս քվոն պահպանվում է արդեն 20 տարի և փորձ կատարել այն փոփոխել, դա պարզապես հղի է անկանխատեսելի հետևանքներով»,- շարունակեց Բաբայանը՝ հարցադրում կատարելով, թե եթե այդ վտանգավոր ստատուս քվոն պահպանվում է, ապա ո՞րն է այդ դեպքում այլընտրանքը:
«Եթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում Ադրբեջանի ագրեսիային, հակահայկական պահվածքին, ֆաշիստական այդ քաղաքականությանը, ապա որևէ նոր հեռանկար ես այստեղ չեմ տեսնում»,- հավելեց Բաբայանը՝ նշելով, որ ոչ թե ստատուս քվոն է վտանգավոր, այլ` Բաքվի պահվածքը, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
Դ. Բաբայնաը նշեց, որ այլընտրանք չի կարող լինել, եթե որևէ կերպ չի սանձազերծվում հենց Ադրբեջանի ագրեսիան: «Այս ամենի մասին պետք է մտածի ԱՄՆ-ը: Կարծում եմ, որ ժամանակը կգա և ԱՄՆ-ը դա կհասկանա ու կփոխի իր դիրքորոշումը»,-ասաց նա:
Դ. Բաբայանը հավելեց նաև, որ Արցախը, իհարկե, կողմնակից է համապարփակ համագործակցությանը, սակայն այդ կարգավորումը պետք է լինի այնպես, որ բոլոր հարցերը լուծվեն միանգամից: