08/07/2014 16:15
Բոլոր քաղաքական և քաղաքացիական ուժերը պետք է միավորվեն. Րաֆֆի Հովհաննիսյան
«Այսօր ունենք խորհրդարանի ներսում չորս ուժերի համագործակցություն, որը ողջունելի է և հույս ունեմ, որ այն կխորանա: Հուսամ` աշնանը այն դուրս կգա խորհրդարանից` Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը դա պահանջում է և պահանջատեր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին»,- լրագրողների հետ հանդիպմանը նման ցանկություն հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Շարունակելով խոսքը` Ր. Հովհաննիսյանն ասաց, որ հնարավոր է` չսպասեն մինչև աշուն, և առանձին-առանձին ոլորտներով այդ համագործակցությունը խորացնեն:
«Ոչ մեկը, անկախ իր դիրքից կամ անցյալից, չի կարող միայնակ այդ լրջագույն խնդիրը լուծել` պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը: Սա խորհրդարանական մշակույթի մեջ նոր մոտեցում է, ու որպեսզի այն դառնա համապարփակ համագործակցություն, պետք է լինի ընդհանուր նպատակադրում, ճանապարհային քարտեզ»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Պատասխանելով հարցին, թե եթե իշխանությունները չբավարարեն քառյակի 12 կետանոց պահանջը, հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» լքի այդ ձևաչափը և ինքնուրույն շարունակի պայքարը, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ ոչ մի խորհրդարանական ուժ այդ համագործակցությունից դուրս չի գա: