08/07/2014 17:45
ՌԴ ԱԳՆ. Ռազմատենչ հռետորաբանությունը բարդացնում է հակամարտության լուծումը
Ռազմատենչ հռետորաբանությունը, ումից էլ որ այն հնչում է, չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ ընդհակառակը՝ բարդացնում է լուծումը: Դա համանախագահ երկրների ընդհանուր դիրքորոշումն է: Ի պատասխան Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության հարցման` ասված է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական վարչության տարածած հաղորդագրությունում:
ՌԴ ԱԳՆ վարչությանն ուղղված հարցում ասվում էր, թե վերջին շաբաթներում Ադրբեջանում սրվել է հակահայկական հռետորաբանությունը, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանը կոպտորեն խախտում է հրադադարի ռեժիմը: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր ինչ է պատրաստվում անել Ռուսաստանն այդ կապակցությամբ:
«Ելնում ենք նրանից, որ ռազմատենչ հռետորաբանությունը, ումից էլ որ այն հնչում է, չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ ընդհակառակը՝ բարդացնում է լուծումը:
Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ անցյալ տարի Լոխ-Էրնում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների արված համատեղ հայտարարությունում կոչ է արվում կողմերի ղեկավարներին՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ՝ պատերազմի, և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում լարվածությունն ուժգնացնել և հանգեցնել հակամարտության սրմանը:
Ենթադրում ենք, որ նման մոտեցումը կգերակայի: Այս կապակցությամբ մենք լիահույս ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կշարունակվի ուղղակի երկխոսությունը, ինչպես նրանք պայմանավորվել էին անցյալ տարեվերջին Վիեննայում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: