08/07/2014 19:32
Ուկրաինան սրում է Արևմուտքի և ՌԴ-ի էներգետիկ ոլորտի հակասությունները
Ուկրաինան պատրաստվում է իր գազատրանսպորտային համակարգը հանձնել մասնավոր ընկերությունների տնօրինությանը: Գերագույն Ռադայի օրերս ընդունած օրինագծի համաձայն ուկրաինական գազատրանսպորտային համակարգի 49%-ի տնօրինությունը հանձնվելու է ԱՄՆ-ի և ԵՄ-ի օպերատորներին:
Կիևի իշխանությունները բացառել են ռուսական ընկերությունների և մասնավորապես «Գազպրոմի» մասնակցությունը ուկրաինական գազատրանսպորտային համակարգի կառավարմանը: «Нафтогаз Украины»-ի ղեկավար Անդրեյ Կոբոլևը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն կարողանալու լինել տվյալ կոնցեսիայի բաժնետերերը:
Չնայած Կիևի կողմից Մոսկվային ուղղված այդ «էներգետիկ դեմարշին», ռուսական կողմը հայտարարել է, որ իրենք հետաքրքված չեն ուկրաինական գազատրանսպորտային համակարգով:
«Գազպրոմի» ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է անել իր գազատրանսպորտային համակարգի հետ այն, ինչ ցանկանում է և չպետք է մոռանալ, որ այդ համակարգը արդեն ավելի քան 35 տարեկան է, իսկ ներդրումներ այն արդիականացնելու համար չեն արվում: Ա.Մեդվեդևի խոսքով, «Հարավային հոսքի» կյանքի կոչումից հետո ռուսական կողմը և մասնավորապես «Գազպրոմը» չեն զգալու ուկրաինական գազատրասնպորտային համակարգի կարիքը:
Դեռևս ամերիկյան և եվրոպական ընկերությունները ոչ մի կերպ չեն արձագանքել Կիևի առաջարկին, քանի որ խնդիրներ կան գազի տարանցման հետ կապված: «Հարավային հոսքի» կառուցումից հետո ուկրաինական տարանցման հնարավորությունները գրեթե զրոյանում են և Մոսկվան չի ցանկանա գազը դեպի եվրոպական սպառողները ուղարկել ուկրաինական խնդրահարույց ճանապարհով: Ուկրաինական գազատրանսպորտային համակարգի խողովակները կարող են ուղղակի դատարկ մնալ:
Ուկրաինան իր գազատրանսպորտային համակարգի կառավարումը հանձնելով եվրոպացիներին կամ ամերիկացիներին ելնում է ԵՄ-ի «Երրորդ էներգետիկ փաթեթի» պահանջներից, որի համաձայն Ուկրաինան չի կարող հանձնել իր գազատրանսպորտային համակարգը այն էներգետիկ ընկերություններին, որոնք զբաղվում են գազի արդյունահանմամբ և արտահանմամբ: ԵՄ-ի օրենքների համաձայն, գազի արտահանողները կամ սպառողները չեն կարող կառավարել գազատրանսպորտային համակարգը:
Ուկրաինա-եվրոպա-ամերիկյան այդ նախագիծը հակակշիռ է ռուսական «Հարավային հոսք» նախագծին, որը պետք է շրջանցի Ուկրաինայի տարածքը:
Վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան շարունակելու է առաջ մղել «Հարավային հոսք» նախագիծը՝ անկախ առկա դժվարություններից:
Պուտինը նշել է, որ իրենք եվրոպական գործընկերների հետ Բալթիկ ծովի հատակով կառուցել են «Հյուսիսային հոսք» նախագիծը և այժմ էլ պատրաստվում են կյանքի կոչել Սև ծովի հատակով անցնող «Հարավային հոսք» նախագիծը:
Ռուսաստանի շինարարության նախարարությունը «South Stream Transport B.V» ընկերությանը «Հարավային հոսքի» ծովային հատվածի շինարարության թույլտվություն է տրամադրել:
«Հարավային հոսք»(«South stream») գազամուղը բաղկաղացած կլինի 931 կմ երկարությամբ 4 գազատարներից, որոնք կանցնեն Սև ծովի հատակով:
Ռուսաստանի տարածքային ջրերում առաջին գազատարի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2014թ.-ի նոյեմբերը: «South Stream Transport B.V» ընկերության բաժնետոմսերը պատկանում են ռուսական «Գազպրոմին»(50%), իտալական ENI-ին(20%), գերմանական Wintershall և ֆրանսիական EDF-ին(15%):
«Հարավային հոսքը» «Գազպրոմի» նախագիծն է, որ ենթադրում է Սև ծովի հատակով անցնող գազամուղի կառուցում մինչև Հարավային և Կենտրոնական Եվրոպա: «Հարավային հոսքը» պետք է տարեկան 63 միլիարդ խմ գազ մատակարարի ԵՄ-ին: Պետք է նշել, որ Մոսկվան ձեռնարկել է այս նախագիծը տարանցման հետ կապված խնդիրներ չունենալու համար: Այս պահի դրությամբ ուկրաինական խողովակներով Եվրոպա է արտահանվում ռուսական գազի 50%-ը՝ 86 միլիարդ խմ:
Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի «Հարավային հոսքը» կյանքի չկոչվի: ԵՄ-ի էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերը սպառնացել է եվրոպական այն երկրներին, որոնք կաջակցեն «Հարավային հոսք» գազային նախագծին այսօրվա տեսքով:
Այսպիսով, Ուկրաինայի շուրջ Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը տեղափոխվում է նաև էներգետիկ դաշտ, ինչը խոսում է «Հարավային հոսքի» աշխարհաքաղաքական նշանակության բարձրացման մասին: