08/07/2014 17:16
«ԵՏՄ-ի հետ կապված` Հայաստանը շատ կտրուկ առաջադրեց ԼՂՀ-ի սահմանների խնդիրը»
Ռուսաստանը ձգտում է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցում Հայաստանի համար ապահովել առավել շահեկան պայմաններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԳԱ Եվրասիական տնտեսական ինտեգրման, արդիականացման, մրցունակության և կայուն զարգացման համալիր խնդիրների հարցերի գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը:
Հայաստանին դեպի այս կառույց, Վ. Լեպյոխինի խոսքով, ոչ ոք ուժով կամ շանտաժով չի տանում:
«Հիմնական դժվարությունը կապված է այն բանի հետ, որ Հայաստանը հենց սկզբից շատ կտրուկ առաջադրեց ԼՂՀ-ի սահմանների խնդիրը: Դա նորմալ է, պարզապես Ղազախստանի տեսակետն այս հարցում խաչվեց հայկական կողմի պահանջի հետ: Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է առաջ բերվում, և այդ հարցը անընդհատ էլ արհեստականորեն բարձրացվելու է»,- ասաց Վլադիմիր Լեպյոխինը:
Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը չաջակցեց Հայաստանին, բանախոսը պատասխանեց, որ Մաքսային միությունը «եռանկյունաձև կառույց չէ», ուստի Ռուսաստանը չի կարող և չի պատրաստվում ուժ գործադրել անդամ պետությունների վրա, չնայած նրան, որ այս հարցում պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը:
«Դրական է, որ Երևանը բազմաթիվ հարցեր կտրուկ առաջ էր բերում պայմանագրի ստորագրման գործընթացի շրջանակներում»,- ասաց նա` ավելացնելով, որ Ռուսաստանի նախագահը մոտ օրերս կհանդիպի Հայաստանի նախագահին, որպեսզի քննարկի անդամակցության դետալները, և, եթե անգամ այդ հանդիպումը չկայանա, ապա երկու նախագահների միջև տեղի կունենա հեռախոսային խոսակցություն: