09/07/2014 11:30
Հայաստանում ձևավորվել է միահեծան իշխանական համարագ. Ա. Բաղդասարյան
Իշխանական կոալիցիայից դուրս գալուց երեք ամիս հետո այսօր ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Մեր քաղաքական ուժին վեց տարվա ընթացքում հաջողվել է իր մոտեցումները ցուցաբերել, բայց բազմաթիվ ծրագրեր կոալիցիայի շրջանակում այդպես էլ չի հաջողվել իրականացնել, հենց այդ պատճառով էլ դուրս եկանք կոալիցիայից»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Հայաստանում, շարունակեց խոսքը ՕԵԿ նախագահը, ձևավորվել է միահեծան, միակուսակցական իշխանական համակարգ, կոալիցիա, որպես այդպիսին, Հայաստանում չկա:
Կոալիցիայից դուրս գալուց հետո՝ ՕԵԿ-ը հանգել է հետևյալ եզրահանգումների.
«Հայաստանում մարդիկ շարունակում են ապրել յոլա գնալու սկզբունքով, իրավիճակային լուծումները չեն կարող հիմնական լինել և փրկել իրավիճակը»,- ասաց Ա. Բաղդասարյանը:
Սոցիալական հիմնական եզրահանգումն այն է, ՕԵԿ նախագահի խոսքով, որ Հայաստանում շարունակվում է արտագաղթը, զանգվածային գործազրկությունը, շարունակական թանկացումները. «Այս երկրում հույս, հավատ չկա, որ մարդը մի օր լավ կզգա իր երկրում»:
«Հայաստանում տենդենց է դառնում անօրինականությունների կատարումը օրինականի տակ, օրենքների փոփոխությունը»,- ասաց նա:
Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Ա. Բաղդասարյանն ասաց, որ երկրին անհրաժեշտ է ձևավորել ագրեսիվ հիմք, որը կարող է բանակցություններ վարել և առաջ մղել երկրի շահերը:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի առաջարկած ելքերին, ապա կուսակցության առաջնորդն առաջարկում է վճռական քայլերի անցնել, ինչպես նաև՝ անցնել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին:
«Տնտեսության բլոկի մասով ՕԵԿ-ը կարծում է, որ բիզնեսին պետք է տալ ազատություն, նվազեցնել հարկերը, ստուգումները՝ հնարավորություն տալով մարդկանց ազատ գործել»,- ասաց Ա. Բաղադասարյանը: