09/07/2014 17:49
Կոնվերս Բանկը հաղթել է բանկերի և ֆինանսական կազմակերպությունների մրցույթում
Կոնվերս Բանկը ճանաչվել է Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կազմակերպված մրցույթի հաղթողը:
Մրցույթը տեղի է ունեցել հուլիսի 5-ին, Աղվերանում՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մասնակիցներն էին բանկերի և ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցները: Մրցույթի մասնակից թիմերին առաջարկվել է 20 հարց ՀՀ աշխատանքային օրենսգրքից: Յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար մասնակիցները պետք է ընտրեին 3 տրված տարբերակներից մեկը: Այս մասին հայտնում են բնկի ծրատվական ծառայությունից:
Մրցույթի եզրափակչում Կոնվերս Բանկի ու Հայէկոնոմբանկի թիմերը հավաքել են հավասար քանակով միավորներ: Լրացուցիչ հարցին ճիշտ է պատասխանել Կոնվերս Բանկի թիմը, ինչի արդյունքում և ճանաչվել է ողջ մրցույթի հաղթողը:
«Կոնվերս Բանկի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը մեր աշխատանքի բարձր մակարդակի ապահովման նախադրյալներից ամենակարևորն է: Մենք ողջունում ենք նման մրցույթներն ու համոզված ենք, որ որակը կատարելագործելու համար չափազանց կարևոր է այլ հաստատությունների մասնագետների հետ հաղորդակցությունը», - նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը` ողջունելով իր աշխատակիցների հաղթանակը:
Միջոցառման կազմակերպիչների հիմնական նպատակն էր ստուգել ֆինանսական համակարգի աշխատակիցների իրազեկվածության մակարդակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով օրենսգրքի խնդրահարույց հարցերը: Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության նախագահ Լաուրա Հակոբյանը նշել է, որ հետագայում բանկերի և ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների համար կկազմակերպվեն հատուկ դասընթացներ այս թեմայով: