09/07/2014 13:20
Գագիկ Ծառուկյանը պատրաստվո՞ւմ է նախագահական ընտրություններին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ունի տարբեր մասնագետներից բաղկացած խումբ, սակայն դրանց կազմը մանրամասնելու անհրաժեշտությունը այս պահին չկա: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հետ զրույցում ասաց Գ. Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ի պատասխան հարցին՝ արդյոք ճի՞շտ են մամուլում շրջանառվող լուրերը, թե Գ. Ծառուկյանը արտերկրից հատուկ իմիջմեյքերներ է վարձել, այսպիսով, արդեն իսկ պատրաստվելով նախագահական ընտրություններին:
«Իսկ թե Գագիկ Ծառուկյանը ում հետ է հանդիպում, ես այդ հարցի հետ կապված ևս ծավալուն պատասխանել եմ»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե հարցը վերաբերվում է նրան՝ արդյոք դա արվո՞ւմ է նախագահական ընտրություններին ընդառաջ, նա պատասխանեց. «Կներեք, ես հիմա չեմ կարող խոսել, ավելի ուշ զանգահարեք» և անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արտերկրից հատուկ իմիջմեյքերներ է վարձել, ովքեր, թերթի աղբյուրների հավաստմամբ, Ծառուկյանին նախագահական նիստուկաց, պահվածք և արարողակարգ են սովորեցնում:
Լուրի իսկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդը» զրուցել է ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով ուղղակիորեն չհերքելով այդ փաստը, ասել է. «Գագիկ Ծառուկյանն ունի տարբեր մասնագետներից բաղկացած աշխատակազմ, որին անդրադառնալու նպատակահարմարություն չկա այս պահին: Դրանից զատ, ԲՀԿ նախագահը մշտապես տարբեր հանդիպումներ է ունենում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց ու խմբերի հետ: Դրանք ոչ հրապարակային հանդիպումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ ու մտքերի փոխանակումներ: Այդ հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ և դրանց մասնակցում են խմբեր ու մարդիկ ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրի բազմաթիվ ոլորտներում լուրջ դերակատարում ունեցող անձինք»:
«Այսպիսով, պետք է արձանագրել, որ Գ. Ծառուկյանն արդեն սկսել է պատրաստվել նախագահական ընտրություններին, և այս օրերից գոնե նիստուկացով փորձում է նախագահի նմանվել: Սակայն պետք է նկատել, որ այդ փորձագետների աշխատանքը զուր կանցնի, եթե վերջիններս չկարողանան ազդել Ծառուկյանի արարողակարգային ընդունելությունների, հագուստի և դրանց գույների ընտրության վրա»,- մեկնաբանել է թերթը։