09/07/2014 20:10
Իրանը միջուկային խնդրի հարցում այլևս չի պատրաստվում գնալ որևէ զիջման
Հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը. 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման համար նախատեսված 6-ամսյա ժամկետն ավարտվում է հուլիսի 20-ին: Այս օրերին Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունենում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում կողմերը քննարկում են համապարփակ համաձայնագրի նախագծի շուրջ առկա տարաձայնություններին առնչվող հարցեր:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ կողմերին հաջողվել է համապարփակ համաձայնագրի դրույթների շուրջ 50 տոկոսի վերաբերյալ գալ համաձայնության, սակայն դեռևս չհամաձայնեցված բազմաթիվ կետեր կան:
Նախատեսվում է, որ այս շաբաթվա վերջում Վիեննա կմեկնեն նաև «5+1 խմբի» անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները, որոնք պետք է ծանոթանան բանակցությունների այս շրջափուլի արդյունքներին:
Ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Իրանը դեռևս ձեռնպահ են մնում հուլիսի 20-ին վերջնական համաձայնության հասնելու վերաբերյալ լավատեսական հայտարարություններ անելուց, սակայն, ինչպես Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր հայտնի ուղերձում նշեց, Թեհրանը պատրաստ է հասնել համաձայնության և աշխարհին ցույց տալ, որ Իրանը նպատակ չունի միջուկային զենք ստեղծել:
Ուսումնասիրելով արտգործնախարար Զարիֆի ուղերձի հիմնական դրույթները, նկատում ենք, որ պաշտոնական Թեհրանը նրբանկատորեն հայտարարում է, որ միջուկային ծրագրի առնչությամբ միջազգային հանրության մտահոգություններն անհիմն են՝ փաստելով, որ հենց Իրանի հասցեին պարբերաբար հնչած ռազմատենչ հայտարարություններն ու պատժամիջոցներն են առիթ հանդիսացել, որ որպեսզի Իրանը միջուկային հաստատությունները պաշտպանելու նպատակով կառուցի Ֆորդուի հաստատությունը, կամ ռեակտորների վառելիքի բացակայությունն է առիթ հանդիսացել, որ ուրանի հարստացումը 3,5 տոկոսից ավելանա՝ հասնելով 20%-ի:
Իրանի միջուկային հարցի լուծումը մեծապես կախված է եղել աշխարհաքաղաքական այս կամ այն լարված իրադրության հետ, հետևաբար, ինչպես նախօրերին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, «Միջուկային խնդիրը միայն պատրվակ է, եթե դա չլիներ, ապա մի կեղծ պատրվակներ ի հայտ կգային, օրինակ մարդու իրավունքները, իրանցի կանանց իրավունքները և այլն»:
Անդրադառնալով տարածաշրջանում ընթացող ներկայիս զարգացումներին՝ նշենք, որ միջուկային խնդրի լուծմանը խոչընդոտում են սիրիական և իրաքյան ճգնաժամերը: Իրանական հարցի լուծումը բնավ չի բխում Պարսից ծոցի արաբական երկրների, հատկապես՝ Սաուդյան Արաբիայի և Կատարի շահերից, քանի որ այդ երկրները միջուկային ծրագիրը, ներկայացնելով որպես տարածաշրջանին սպառնացող վտանգ, փորձում են իրենց դերակատարությունը բարձրացնել Միացյալ Նահանգների և Իսրայելի մոտ, իսկ վերջինս, Իրաքի քրդերի միջոցով փորձում է նոր խաղ սկսել տարածաշրջանում:
Ինչպես ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ալեն Էյրն էր հայտարարել, «միջուկային հարցում Իրանի հետ համաձայնություն ձեռք բերելը հնարավոր է՝ սակայն շատ դժվար», ուստի անդրադառնալով բանակցությունների արդյունքին՝ նշենք, որ Թեհրանը անցած 6 ամիսների ընթացքում հոգևոր առաջնորդի, նախագահի և ԱԳ նախարարի մակարդակով բազմիցս հայտարարել է, որ ներկայում հասել են այն կարմիր գծին, որից հետո Իրանն այլևս չի պատրաստվում գնալ որևէ զիջման:
Ալի Խամենեին, անդրադառնալով այս օրերին Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Ես վստահում եմ Իրանի միջուկային հարցով բանակցող իրանական պատվիրակությանը և վստահ եմ, որ նրանք համաձայն չեն լինի որևէ քայլի հետ, որը կվնասի երկրի և Իրանի ժողովրդին և թույլ չեն տա, որ նման բան տեղի ունենա»:
Ինչպես հայտնի է, ժնևյան համաձայնագրի կարևոր կետերից մեկն այն էր, որ Իրանը պետք է հրաժարվեր ուրանի 20 տոկոս հարստացումից, իսկ «5+1 խումբը», մասնավորապես Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պետք է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարեին: Ս.թ. հունվարի 20-ից Իրանը դադարեցրեց ուրանի հարստացման աշխատանքները, իսկ Նահանգները և եվրոպական մի շարք երկրներ իրանական նավթի արտահանման առնչությամբ սահմանված պատժամիջոցների մի մասը չեղյալ հայտարարեցին: Սակայն այս օրերին Միացյալ Նահանգներից դեռ կարծիքներ են հնչում, որ հուլիսի 20-ին ձեռք բերվելիք հավանական համաձայնությունից հետո Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցների մի մասը դեռ կպահպանվի:
Այդ համատեքստում համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման շուրջ անցած յոթ օրերի ընթացքում տարբեր մակարդակներով (Զարիֆ-Էշթոն, ԻԻՀ-ի և ԱՄՆ-ի ԱԳ փոխնախարարներ, փորձագետներ) ընթացող բանակցությունները հույս են ներշնչում, որ մինչև հուլիսի 20-ը կողմերը գոնե կարող են հասնել այնպիսի համաձայնության, որը տարածաշրջանում ընթացող անկանխատեսելի զարգացումների ֆոնին կարճաժամկետ առումով կողմերին կարող է հնարավորություն տալ վերջնական համաձայնության հասնելու նպատակով շարունակել բանակցությունները: