09/07/2014 15:42
«Որոշել եմ այս ներկայացման մեջ էլ խաղալ ու հեռանալ Հայաստանից». Լևս Դավթյան
Դերասան Լևս Դավթյանը, ով հեռուստադիտողներին առավել հայտնի է «Եռաչափ սեր» սերիալից և «Yere1» ծրագրից, ասում է, որ հիասթափվել է հեռուստատեսությունից: Life.panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքն այլևս սերիալներում նկարահանվելու մեջ իմաստ չի տեսնում.
«Այսօր դերասանների մեծամասնությունն անգործ է մնացել, կամ էլ՝ թատրոնի ճղճիմ աշխատավարձի հույսին, այդ պատճառով էլ մեր պրոդյուսերները ինչ հիմարության մեջ ասես՝ օգտագործում են տաղանդավոր մարդկանց, մեր լեզվով ասած՝ «խուրդում» են»,- նկատեց դերասանը:
Նրա խոսքով՝ ինքը վերջերս մի ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, սպասում է դերի հաստատմանը: Բացի այդ՝ սեպտեմբերին կլինի ժամանակակից հեղինակի գործի հիման վրա ներկայացման պրեմիերա, որտեղ Լևսը հանդես կգա Անաիս Սարդարյանի հետ: Բեմադրիչը Սամսոն Մովսիսյանն է:
«Որոշել եմ՝ այս ներկայացման մեջ էլ խաղալ ու հեռանալ Հայաստանից, հավանաբար, ԱՄՆ կմեկնեմ, միջոցներ կան, բայց ինձ չեն բավարարում. շատ աշխատես, թե քիչ, մեկ է, միևնույն գումարն ես ստանում, բոլորս էլ, կարելի է ասել, գոյատևում ենք, պետք է երկիրդ լավ լինի, որ կարողանաս մի բան արարել՝ չմտածելով ուրիշ բաների մասին»,- ասաց դերասանը: