09/07/2014 12:09
Նախարարությունն ընդունում է, որ փոքր ՀԷԿ-երը վնասում են շրջակա միջավայրը
ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանել է Համահայկական բնապահպանական ճակատի` փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ հարցմանը: Մասնավորապես նախարարության պատասխանում նշված է, որ փոքր ՀԷԿ-երի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում կան որոշակի խնդիրներ՝ կապված ներկայացված նախագծերում անհրաժեշտ գիտական և օբյեկտիվ հիմնավորումների բացակայության հետ, իսկ շինարարական աշխատանքների ընթացքում հաճախ վնաս է հասցվում բնությանը և շրջակա միջավայրին, չեն տեղադրվում ձկների համար նախատեսված ձկնանցարաններ։ Չեն տեղադրվում նաև ջրի հոսքը կարգավորող փականներ, ինչի պատճառով չի ապահովվում էկոլոգիական թողքը։ Այս մասին տեղեկանում ենք Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրությունից:
«Միևնույն ժամանակ նախարարությունում գտնում են, որ մեր պնդումներն առ այն, որ հանրային լսումները կրում են ձևական բնույթ, և բոլոր ՓՀԷԿ-երի նախագծերին համատարած տրամադրվում է դրական եզրակացություն, չեն համապատասխանում իրականությանը։ Այս առումով դիմում ենք բնապահպանության նախարարությանը՝ խնդրելով ներկայացնել մի քանի դեպք, երբ հանրային լսումների արդյունքում ձևավորված և հստակ ներկայացված բացասական կարծիքը հաշվի է առնվել վերջնական որոշումը կայացնելիս, կամ որևէ ՓՀԷԿ-ի նախագծի տրվել է բացասական եզրակացություն։
Ամեն դեպքում, ՀՀ բնապահպանության նախարարությունը, որոշ հարցերում համակարծիք է մեզ հետ և փոքր ՀԷԿ-երի առաջ բերած խնդիրները նվազագույնի հասցնելու համար նախընտրելի է համարում․
- հրաժարվել բնական ջրահոսքերի (գետերի) վրա նոր փոքր ՀԷԿ-եր կառուցելու քաղաքականությունից և կառուցել դրանք միայն ոռոգման համակարգերի վրա,
- ստեղծված իրավիճակը թելադրում է էկոլոգիական թողքի հաշվարկման նոր մեթոդիկայի մշակման անհրաժեշտություն,
- ձևավորել մեխանիզմներ բնապահպանական թողքի քանակը կարգավորող ավտոմատ համակարգերի ներդրման համար,
- անհրաժեշտություն է առաջացել վերանայել փոքր ՀԷԿ-երի լիցենզիաների տրամադրման ընթացակարգը, ըստ որի՝ կառուցման լիցենզիա պետք է տրամադրվի ՀԷԿ-ի նախագծային փաթեթի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո։
Պատասխանում նախարարությունը նշել է նաև, որ բարձրացրած խնդիրների մի մասը դուրս է բնապահպանության նախարարության լիազորությունների սահմաններից, ինչը, բնականաբար, մենք շատ լավ հասկանում ենք, որի պատճառով էլ դիմել էինք հենց ՀՀ կառավարությանը, որպեսզի նա քննարկեր այս խնդիրները բոլոր լիազոր մարմինների հետ և ներկայացներ մեզ համապարփակ պատասխան։ Սակայն, չգիտես ինչու, մեր առաջարկներն ուղարկվել են միայն բնապահպանության նախարարություն, ինչը ճիշտ մոտեցում չէ և վկայում է այն մասին, որ կառավարության ղեկավարը կամ տեղեկացված չէ այս խնդիրներից կամ էլ կառավարությունում դեռևս չեն ընդունում այս խնդիրների կարևորությունը։
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը խոսքերից անցնել գործնական քայլերի և բոլոր շահագրգիռ պետական, մասնավոր ու հանրային շերտերի հետ քննարկման արդյունքում, հստակ միջոցառումներ ձեռնարկել փոքր ՀԷԿ-երի ոլորտում իրականացվող քաղաքականության վերանայման ուղղությամբ, քանի որ այլընտրանքային էներգետիկայի այս տեսակի նման զարգացումը արդեն առաջ է բերել լուրջ խնդիրներ։ Իսկ եթե հաշվի առնենք էկոհամակարգերի վրա երկարաժամկետ և կուտակային ազդեցության հանգամանքը, ապա բնությանն ու շրջակա միջավայրին հասցված վնասները կարող են անդառնալի լինել»- ասվում է Համահայկական բնապահպանական ճակատի հաղորդագրությունում: