09/07/2014 13:59
Սերժ Սարգսյան. Թուրքիայի հետ խոսելու շատ բան չունենք
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արգենտինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Բուենոս Այրեսում հանդիպել է տեղի առաջատար լրատվամիջոցներին:
Ստորև ներկայացնում ենք հանդիպման և հարցազրույցի վերաբերյալ արգենտինական «América economía» հանդեսի թղթակից Թելամի պատրաստած անդրադարձը:
«Այսօր մենք Թուրքիայի հետ խոսելու շատ բան չունենք: Մենք երկար ժամանակ բանակցել ենք արձանագրությունների ստորագրման համար, սակայն Թուրքիայի խորհրդարանը դրանք չվավերացրեց: Այդպիսով, ինչի՞ մասին պետք է խոսենք»,-ասել է Հայաստանի նախագահը նուրբ ժպիտով:
Ծանրաբեռնված օրվանից հետո Բունեոս Այրեսի հյուրանոցներից մեկում Սերժ Սարգսյանը ընդունեց Թելամին և երկու այլ արգենտինական լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Հանգիստ, առանց կոստյումի և փողկապի, անփոփոխ և հանդարտ ձայնով Հայաստանի նախագահը չի ստեղծում ռազմական հերոսի այն կերպարը, որպիսին նրան շատերն են ճանաչում իր երկրում: Ավելի քան քսան տարի առաջ Սարգսյանը Հայաստանի ռազմական առաջնորդներից մեկն էր Լեռնային Ղարաբաղի տարածքի համար Ադրբեջանի դեմ պատերազմում: Այս հակամարտությունն ավարտվեց միջազգայնորեն չճանաչված հայկական պետության ձևավորմամբ, որն, ըստ Սարգսյանի, Հայաստանի պաշտպանության և անվտանգության առավելագույն դերը ունեցող ցատկահարթակ է:
Պատերազմական դրամատիզմից և ռազմական կյանքի ծայրահեղական մոտեցումներից հեռու, վեց տարուց ավելի նախագահի պաշտոնը ստանձնած վաթսունամյա առաջնորդը խուսափում է հնչեղ հայտարարություններից: Պահպանելով չափավորությունը՝ նախագահը կրկին և կրկին պնդում է, որ իրենք չեն ընտրում ո’չ Ռուսաստանը, ո’չ Եվրոպան. «Մենք ընտրում ենք երկուսին էլ»:
Այդուամենայնիվ, քայլերի հարցում Սարգսյանն առավել քիչ զիջողականություն է ցուցաբերում: 2013-ին Սերժ Սարգսյանն անակնկալի բերեց ԵՄ-ին՝ հայտարարելով, որ կասեցնում է Եվրոպական միության ասոցացման համաձայնագիրը կնքելու շուրջ բանակցությունները, այն նույն ազատ առևտրի համաձայնագիրը, որն Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի առաջացման պատճառ հանդիսացավ, ինչն էլ հանգեցրեց ընթացիկ զինված հակամարտությանը:
Այս որոշման հայտարարմանը զուգահեռ, կառավարությունը սկսեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը, բլոկ, որն առաջնորդում է Ռուսաստանը և որին ինտեգրվում են Բելառուսն ու Ղազախստանը:
«Չեմ ցանկանում թուլացնել ԵՄ-ի հետ հարաբերությունների մակարդակը կամ խզել հարաբերությունները, այլ պարզապես կայացրել եմ պարզ տնտեսական հաշվարկով որոշում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Տասնամյակներ շարունակ մենք Ռուսաստանի հետ ամուր հարաբերություններ ունենք, որոնք չենք կարող խզել»,- նշել է նախագահը:
«Հայաստանի համար անհնար է ԵՄ արտահանել այն նույն գյուղատնտեսական ապրանքները և նույն արտադրանքը, որոնք մրցակցային գնով այժմ արտահանվում են Ռուսաստան: Հայաստանն էներգետիկայի և գազի հարցում ամբողջովին կախված է Ռուսաստանից և Իրանից, իսկ Մոսկվան առաջարկում է Մաքսային միության անդամ երկրների համար գազի 30 տոկոս նվազեցված սակագին»,- ասել ՀՀ նախագահը:
Հայաստանը, ինչպես հետխորհրդային պետություններից շատերը, տարիներ շարունակ տարուբերվում է հարևան նախկին գերտերության և մշտապես ընդլայնվող ԵՄ-ի կողմից, որը խոստանում է եվրոպական կենսակերպ, սակայն քիչ հստակ առևտրային ու տնտեսական առավելություններ: Սակայն երեք միլիոնից քիչ ավելի բնակչություն ունեցող այս փոքրիկ երկրի համար աշխարհագրական դիրքն իր միակ խնդիրը չէ:
Թուրքիայի հետ Հայաստանի արևմտյան սահմանը փակ է արդեն երկու տասնամյակից ավելի, և նույնն է Ադրբեջանի հետ ունեցած արևելյան սահմանի պարագայում: Մնում է միայն հարավում մի նեղ սահման` Իրանի հետ և հյուսիսում ավելի լայնը՝ Վրաստանի. մի երկիր, որը դիմել է ՆԱՏՕ-ին միանալու համար, վերջերս Եվրոպական բլոկի հետ կնքել է ազատ առևտրի համաձայնագիրը և շարունակում է ԵՄ-ում լիիրավ անդամ դառնալու գործընթացը:
«Եվրոպացիների հետ մենք կշարունակենք բանակցությունները այն տարբերակով, որը չի խանգարի Մաքսային միությանը մեր ինտեգրվելուն Ռուսաստանի հետ»,- ասել է Նախագահը՝ վերահաստատելով իր չափավոր տրամադրվածությունը: