09/07/2014 20:37
Ս. Օհանյան. Միջազգային կառույցների գնահատականները չպիտի միակողմանի լինեն
Անհրաժեշտության դեպքում մեր զինծառայողները, ԼՂՀ ՊԲ-ի և ողջ հայ ժողովրդի հետ միասին ամեն մի թիզ հողի համար մարտնչելու են: Այս մասին այսօր հարավարևմտյան սահմանագոտու հենակետեր այցելության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Հակառակորդի կողմից հրադադարի խախտումները լարվածություն ստեղծելու և Արցախի շուրջ բանակցային գործանթացի՝ վերջնագծին չհասցնելու փորձ են: Մեզ պարտադրել են պատերազմ, որի ընթացքում մենք հաջողություններ ենք ունեցել և այսօր էլ պարտադրում են ուժերի, սպառազինությունների մրցավազք, և մենք առանց որևէ երրորդ ուժի մեր առջև դրված խնդիրներն իրականացնում ենք»,- ասաց նախարարն` ընդգծելով միայն երկխոսության ու վստահության եզրերի ձևավորմամբ հնարավոր կլինի ստեղծել մթնոլորտ, որում բանակցային գործընթացում առաջընթաց կլինի:
Վստահության եզրերի ձևավորման համար իբրև պայման նախարարը նշեց դիպուկահարների հետքաշումը, դիվերսիոն գործողություններից հրաժարվելն ու դրանց վերաբերյալ միջազգային հետաքննություններ անցկացնելը:
«Հակառակորդը միշտ էլ փորձում է քաղաքական տարբեր իրադարձությունների շրջանականերում լարվածություն ստեղծել: Նրանց «եռանդը» մարում է մեր արժանի հարվածներից, պատժելուց հետո»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ստատուս քվոյի և Արցախի որոշ շրջանների վերադարձի վերաբերյալ արված հայտարարություններին` նախարարն ասաց.
«Անկասկասծ նաև այդ հայտարարությունները որոշակի ազդում են: Դրանք չպետք է լինեն միակողմանի: Միջազգային կառույցներն իրավիճակին պետք է երկկողմանի, լիարժեք գնահատական տան: Դա պետք է լինի իրադրության սթափ վերլուծության արդյունք»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախորդող հրապարակում` Եթե վտանգավոր ստատուս քվոն պահպանվում է, ապա ո՞րն է այլընտրանքը. Դ Բաբայան