12/07/2014 17:03
Գյուլ. Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունը Գազայի հատվածում
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Գազայի հատվածի ռմբակոծությունները և նրանց չպետք է թույլ տալ իրականացնել ցամաքային գործողություն:
Itar-tass-ի փոխանցմամբ՝ Գյուլը նշել է, որ կողմերը պետք է վերադառնան 2012թ.-ի հրադադարին և կամք ցուցաբերեն բանակցությունների համար, ինչը թույլ կտա վերականգնել պաղեստինցիների օրինական իրավունքները:
Թուրքիայի նախագահը Իսրայելի և Պաղեստինի միջև ստեղծված իրավիճակը համարում է մարդկային մեծ ողբերգությունը:
Գյուլը նշել է, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում աճում է լարվածությունը և այդ երկրների շարքում նշել Իրաքը, Եմենը, Լիբիան, Սիրիան, Աֆղանստանը, Ուկրաինան և Սոմալին:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր Գազայի հատվածում տեղակայված «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողությունները ուժեղացնելու մասին:
Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը մի քանի օր շարունակ հրթիռակոծում է Իսրայելի քաղաքները, այդ թվում՝ Թել-Ավիվը, Երուսաղեմը, Խադերան:
Իսրայելի տարածքը հրթիռակոծությունից պաշտպանում է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարը: Համակարգը, որն առաջին անգամ սկսել է կիրառվել 2011թ.-ից, հնարավորություն է տալիս 150 կմ շառավիղով պաշտպանել իսրայելական քաղաքները հրթիռակոծություններից:
Իսրայելական օդուժն էլ ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի գործողությունների սկսել է խոցել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի և այլ իսլամիստական խմբավորումների ռազմական ենթակառուցվածքները: Իսրայելական իշխանությունները Գազայում իրականացնում են «Protective Edge» գործողությունը, որի շրջանակներում հարձակման է ենթարկվել 550 թիրախ, այդ թվում 31 թունել և 60 հրթիռային համակարգ:
Իսրայելական իշխանությունները «ՀԱՄԱՍ»-ի կողմից հրթիռակոծությունները չդադարեցնելու պարագայում սպառնում են ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում: Այս պահի դրությամբ Իսրալի ԶՈւ-ը զրահատեխնիկա է տեղակայել Գազայի հետ սահմանին, ինչպես նաև կառավարությունը 40.000 պահեստազորայինների հավաք է կազմակերպել: