12/07/2014 16:14
Իրանը «5+1 խմբի» հետ հիմնական հարցերի շուրջ դեռ համաձայնության չի հասել
«5+1 խմբի» հետ հիմնական տարաձայնությունների հարցում դեռևս համաձայնության չենք հասել: Այդ մասին, իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ, հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանի ԱԳ փոխնախարարը, ով այդ օրերին իրանական պատվիրակության կազմում Վիեննայում մասնակցում է Իրանի և «5+1 խմբի» հանդիպումներին, անդրադառնալով բանակցությունների արդյունքին, մասնավորապես նշել է. «Ներկա փուլում համապարփակ համաձայնագրի տեքստի շուրջ 60-65 տոկոսի հարցում ենք համաձայնություն ձեռք բերել. Հուսով եմ, որ առաջիկա օրերին Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների ուղղակի բանակցությունների արդյունքում որոշակի առաջընթաց կարձանագրվի»:
Շարունակելով խոսքը՝ փոխնախարար Արաղչին հավելել է. «Որոշումներ կան, որոնք պետք է արտգործնախարարները կայացնեն, հարցեր կան, որ փոխնախարարները կամ փորձագետները չեն կարող քննարկել»:
Նշենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը. 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման համար նախատեսված 6-ամսյա ժամկետն ավարտվում է հուլիսի 20-ին: Մինչև հուլիսի 20-ի վճռորոշ նիստը, այս կիրակի նախատեսվում է Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների նիստ հրավիրել, որից հետո Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով կշարունակվեն բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման շուրջ առկա տարաձայնությունները հարթելուն առնչվող հարցեր:
Նախօրեին իրանական ԶԼՄ-ները տեղեկատվություն հրապարակեցին, համաձայն որոնց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի մասնակցի Վիեննայում կայանալիք Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին, սակայն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել մասնակցել հուլիսի 13-ի նիստին:
Առայժմ հստակ չէ, արդյո՞ք Չինաստանի ԱԳ նախարարը կմասնակցի, թե ոչ կիրակի օրը կայանալիք նիստին:
Նախորդող հրապարակում՝ Իրանը միջուկային խնդրի հարցում այլևս չի պատրաստվում գնալ որևէ զիջման