17/07/2014 14:26
«Սերը միշտ անպակաս է իմ կյանքից». Էնջլ
Երգչուհի Էնջլը մոտ մեկ տարի է` ապրում և աշխատում է ԱՄՆ-ում: Նա այնտեղ ներգրավված է մի քանի նախագծերում, ծրագրում է հաջորդ տարի ուսումը շարունակել New York Film Academy-ում: Life.panorama.am-ը Էնջլի հետ զրուցել է նրա աշխատանքային ծրագրերից, ռեժիսոր մայրիկի հետ աշխատելու ոճային փոփոխության դիմելու և այլ հարցերի շուրջ:
-Դուք ԱՄՆ եք մեկնել հիմնականում կրթություն ստանալու և դերասանական կարիերա անելու համա՞ր:
-Ես դեռ Լոս Անջելեսում եմ, եկա այստեղ և տարբեր բնույթի առաջարկներ ստացա, այդ թվում` մասնակցություն ունեցա «Կտակով թագուհին» հեռուստաֆիլմի աշխատանքներին: Հիմա շարունակում եմ աշխատել նոր նախագծերի վրա` մասնակցել ֆոտոսեսիաների, ներգրավվել տեսահոլովակների, մի հեռուստահաղորդման աշխատանքներում: Վերջինիս վերաբերյալ փակագծերը դեռևս չեմ բացի:
Ինչ վերաբերում է ուսմանս, ապա New York Film Academy-ում կրթությունս շարունակելու համար պետք է լինել այդ քաղաքում: Դա պլանավորում եմ անել հաջորդ տարի, սակայն մշտական բնակությանս վայրը մնալու է Լոս Անջելեսը: Ի վերջո, Հոլիվուդն էլ այստեղից մոտ է (ծիծաղում է):
-Դուք երգչուհի եք, ով նաև երազում է դերասանական ոլորտում հաջողություններ գրանցելու մասին. այս երկու մասնագիտությունները կկարողանա՞ք համատեղել:
-Դեռևս կհամատեղեմ, մեկը մյուսին չի խանգարում: Սակայն ամերիկյան շուկա կփորձեմ մուտք գործել դերասանական կարիերայով, կխորանամ այդ ուղղությամբ: Քանի որ ինքս կինո-ընտանիքից եմ, այդ գործն ինձ ավելի հաճելի է:
-Ձեր առաջին տեսահոլովակի պրեմիերայից հետո կարծիքներ լսեցի այն մասին, որ դուք այնտեղ շատ նման եք Մերիլին Մոնրոյին. նրան նմանվելու նպատակ ի սկզբանե ունեցե՞լ եք:
-Իրականում հատուկ նման նպատակ չի եղել, սակայն դեմ չեմ, եթե նմանեցնում են ինձ համար շատ չափանիշներով կնոջ իդեալ համարվող Մոնրոյին:
-Ձեր երկրորդ տեսահոլովակի պրեմիերան պետք է տեղի ունենար փետրվարին. ինչու՞ այն այդպես էլ չթողարկվեց:
-Երկրորդ տեսահոլովակս նկարահանել եմ ԱՄՆ մեկնելուս նախորդ օրը: Աշխատանքները փոքր-ինչ ձգձգվեցին, շուտով դրանք ավարտին կհասցվեն, և տեսահոլովակը կներկայացվի հանդիսատեսի դատին ԱՄՆ-ում և Հայաստանում:
-Նշել եք, որ ձեր երրորդ տեսահոլովակում ներկայանալու եք բոլորովին այլ ոճում: Փակագծերը մի փոքր կբացե՞ք:
-Կարծում եմ` բոլորն են նկատում, որ ակնհայտ կերպով ինքս ինձանից տարբերվում եմ: Նույն տարբերությունն առկա կլինի նաև տեսահոլովակում, որտեղ հանդես եմ գալու բոլորովին այլ ոճում, քանզի ինքս էլ փոխվել եմ թե՛ արտաքնապես, թե՛ հոգեպես, ասում են` դեպի լավը (ծիծաղում է):
-Սոս Ջանիբեկյանն ու դուք «Այրիները» 60 մասից բաղկացած ֆիլմի գլխավոր հերոսներն եք. այդտեղ կերտած կերպարը որքանո՞վ էր ձեզ հոգեհարազատ:
-Այդ ֆիլմը չնկարահանվեց, ես էլ մեկնեցի ԱՄՆ: Սակայն, մի փոքր փակագծերը բացելով, նշեմ, որ շատ հնարավոր է` ֆիլմը կյանքի կոչվի Ամերիկայում. նման մտքեր կան:
-Մայրիկի հետ աշխատելու դժվարություններն ու առավելությունները կասե՞ք:
-Դժվարություն երբեք չի եղել, քանզի մանկուց ծանոթ եմ նրա աշխատելաձևին` ամեն մանրուքով: Միշտ մաքսիմալ հաճելի և արդյունավետ է աշխատել մորս հետ:
-Դուք միշտ ձեր տարիքից մի փոքր հասուն եք երևում, այդպե՞ս է:
-Այդպես է` և՛ արտաքուստ, և՛ ներքուստ: Ընդունում եմ այդ փաստը և շատ ուրախ եմ դրա համար:
-Ձեր կողքին կա՞ մեկը, ով ձեր կին տեսակը ընկալել է, ում ասել եք՝ «I wish you love»:
-Այդ երգն անվանական չեմ երգել, սակայն ինձ դուր է գալիս սիրելու և սիրվելու միտքը, և դա ինձ մոտ լավ է ստացվում: Այնպես որ, սերը միշտ անպակաս է իմ կյանքից (ծիծաղում է):
Նյութը ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: