21/07/2014 15:27
Առաջին նախագահի հարցազրույցը երկիմաստ տարակուսանք է առաջացնում. ՊՆ
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի առնչությամբ հնչող բազում հարցերին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում արձագանքել է և կատարել է հետևյալ գրառումը.
«Ադրբեջանի կողմից հրահրվող գործողություններին հայկական կողմի արձագանքի զուսպ և անհամարժեք գնահատականը երկիմաստ տարակուսանք է առաջացնում: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ շփման գծում հայկական ուժերը չեն պատասխանում ադրբեջանական անկանոն կրակոցներին, և պատժվում են միայն նպատակային կրակոցները, որի մասին բազմիցս արտահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարը, ինչպես նաև այն, որ հայկական կողմն առանց որևէ պատճառի երբևիցե առաջինը չի հրահրում իրավիճակի սրում, ապա, այո, հայկական կողմի արձագանքը կարելի է զուսպ համարել: Սակայն ինչ վերաբերում է անհամարժեքությանը, ապա այդ գնահատականի հետ կտրականապես անընդունելի է, քանի որ պաշտոնական լրահոսի պարզ մոնիտորինգն անգամ կարող է ցույց տալ, այս դեպքում որպես հիմնական ցուցիչ հանդիսացող հակամարտող կողմերի կորուստների իրական պատկերը:
Լրատվամիջոցներով այդ կորուստների ներկայացման ձևերին և մեթոդներին (ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական կողմն իր կորուստները հաճախ հիմնավորում է մտացածին տարբեր պատճառներով), անդրադառնալիս, ըստ էության՝ պետք է նկատի ունենալ, որ դա քաղաքակրթական-բարոյական տարբերության արդյունք է: Պատերազմական ցանկացած իրավիճակ հրամանատարության համար դիլեմա է, և դա մեր դեպքում շարունակվում է 1994թ.-ից: Ի դեպ, այդ ժամանակից ի վեր «մեծ ջանքերի և հնարամտության» շնորհիվ է հնարավոր լինում արդյունավետ զսպել ադրբեջանական իշխանությունների նկրտումները և պահպանել ուժերի հարաբերակցությունը, և թույլ չտալ հակառակորդին ստանալ ոչ ռազմավարական և ոչ էլ մարտավարական առավելություն:
Բանակի խնդիրների լիարժեք կատարման արդյունքում է չեզոքացվում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը` հնարավորություն ընձեռելով ձեռնամուխ լինել խնդրի քաղաքական կարգավորման ուղիների որոնմանը: Կարծում ենք նման եզրահանգումները նաև չեն օժանդակում տեղեկատվական հակամարտության մեջ ջանքերին և նպատակներին»:
Նախորդող հրապարակում՝ Տեր-Պետրոսյան. Սահմանադրական բարեփոխումները` ճակատագրական սխալ է. ilur.am