21/07/2014 11:30
«Ջորջիո Արմանիի» գործով պատասխանող կողմը ձգձգում է դատավարությունը»
«Ջորջիո Արմանիի» գործով պատասխանող կողմը, կարծես, փորձում է ձգձգել դատական գործընթացը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Նահապետյանը:
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը «Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ին թույլատրել է իր արտադրած կոնյակների պիտակների վրա կիրառել «АЙГЕПАТ ԱՅԳԵՊԱՏ ARMANI» և «ARMANI Արմանի» ապրանքային նշանը։
Իտալական հայտնի «Ջորջիո Արմանի» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Նահապետյանը դատի է տվել նախարարությանը, սակայն վարչական դատարանը վերադարձրել է հայցադիմումը:
Ա. Նահապետյանը նորից դիմել է վարչական դատարան։
«Արդեն 3-4 դատական նիստ տարբեր պատճառներով հետաձգվել է: Եթե ևս 2-3 նիստ այսպես հետաձգվեն, ապա կարելի է ասել, որ այո, նրանք ձգձգում են դատական պրոցեսը»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք ինչո՞ւ դա կարող են անել, նա պատասխանեց. «Ապացույցներ հավաքելու համար, որովհետև իրենք պետք է ապացուցեն իրենց իրավացիությունը»:
Ա. Նահապետյանը ասաց, որ անցյալ անգամ հայցադիմումը տեխնիկական սխալի պատճառով է վերադարձվել:
«Մեր միակ պահանջը այդ ապրանքային նշանը օգտագործման թույլատրությունը չեղյալ ճանաչվի»: