21/07/2014 15:05
Էնտերովիրուսային վարակով հիսուն երեխա կա հիվանդանոցներում. Մասնագետ
Ներկա պահին էնտերովիրուսային վարակով հիսուն երեխա կա հիվանդանոցներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Համաճարակային վիճակը հանրապետությունում, նրա խոսքով, համեմատաբար հանգիստ է, թեև էնտերովիրուսային վարակների որոշակի ակտիվություն է նկատվում. «Ամեն ինչ գտնվում է նախարարության վերահսկողության տակ»:
Հիվանդության ախտանիշներն են թուլություն, գլխացավ և երբեմն նաև լուծի երևույթներ:
Աղիքային վարակիչ հիվանդությունները, շարունակեց խոսքը Լ. Թորոսյանը, իրենց բնորոշ սեզոնայնությունն ունեն. Ամռանը վարակի տարածման համար կան բոլոր բարենպաստ պայմանները:
«Պետք է առաջին հերթին պահպանել անձնական հիգիենայի կանոնները` ձեռքերն անընդհատ լվանալ»,- ասաց նա ` ավելացնելով, որ միջավայրը նույնպես պետք է մաքուր պահել, բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ և խուսափել շուտ փչացող սննդամթերքից՝ հատկապես կրեմային հրուշակեղենից ու արագ սննդից:
«Խստիվ արգելվում է պատահական վայրերից սունկ հավաքել, այն կարելի է գնել միայն խանութներից, որոնք ենթարկված են ստուգման»,- ասաց մասնագետը:
Նա կոչ արեց նաև խուսափել պատահական վայրերից ջուր խմելուց. «Այս սեզոնին պետք է շատ հեղուկ օգտագործել, սակայն չխմել սառույցով ջուր, քանի որ այն ծարավը չի հագեցնում, փոխարենը կարելի է խմել գոլ ջուր, թեյ կամ թան»: