21/07/2014 20:40
Փոքրիկ Մաշուլիկը մեր օգնության կարիքն ունի
Հնգամյա Մարիամիկը ուղեղի կաթված ունի: Փոքրիկ աղջնակը մեկ անգամ արդեն բարդ վիրահատության է ենթարկվել, իսկ առջևում նրան սպասվում է ևս մեկ բարդ վիրահատություն:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում փոքրիկի մայրը՝ Կարինե Ադյանը նշեց, որ փոքրիկը պետք է վիրահատվի Գերմանիայում, իսկ դրա համար անհրաժեշտ գումար չկա: «Հիվանդության պատճառով փոքրիկս չի կարողանում քայլել, իսկ ես չեմ կարողանում նրա բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքել»,- մանրամասնեց Կարինեն՝ հավելելով, որ շատ է դիմել համապատասխան պետական կառույցներին, բայց այդպես էլ չի կարողացել երեխային Գերմանիա հասցնել:
Երեխան տարին մեկ կամ երկու անգամ պետպատվերով վերականգնողական կուրսեր է անցնում, բայց ինչպես մայրն է ասում՝ դա ոչ մի արդյունք չի տալիս: Կարինեի հույսն այժմ բարի մարդիկ են դարձել: Նա նշեց, որ երեխային պահող չկա, որպեսզի ինքն աշխատի, իսկ ամուսինն առաջին կարգի հաշմանդամ է: Ընտանիքը չունի նաև բնակարան, որպեսզի վաճառի և երեխայի բուժման ծախսերը հոգա:
«Մարիամը ծնվել է անհաս: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են մանկական ուղեղի կաթված: Այստեղ ֆիզիոթերապիայի և ջրային հիպոթերապիայի կուրսերը ոչ մի արդյունք չեն տալիս: Հետաքրքրվել եմ, որ Գերմանիայի Քյոլն քաղաքում այն բուժում են ընդամենը 4 շաբաթվա ընթացքում, բայց շատ այն թանկ հաճույք է՝ 30 հազար եվրո: Մինչ օրս ինձ հաջողվել է հավաքել մոտ 1 մլն դրամ, բայց այն չի բավականացնում»,- մեզ հետ զրույցում պատմեց Կարինեն:
Փոքրիկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը սիրում է երգել, պարել: «Ու մի քիչ էլ նկարել: Մեկ էլ սիրում եմ պլաստիլինով խաղալ: Ձեռքերս եմ վարժեցնում: Չեմ սիրում տիկնիկներով խաղալ, սիրում եմ երգել»,- նշեց փոքրիկը:
Մարիամիկը, ով սիրում է, որ իրեն Մաշուլիկ ասեն, նա որոշել է, որ մեծանա բժիշկ պետք է դառնա. «Ուզում եմ սպիտակ խալաթ հանգել, բժիշկ դառնալ և երեխաներին բուժել»:
Մարիամիկը շուտով պետք է դպրոց գնա և ծնողներն ուզում են, որ նա իր ոտքով գնա:
Երեխային օգնելու և բուժման ծախսերին աջակցելու համար Արարատ բանկում հաշվեհամար է բացվել.
AMD 1510021229930100
EUR 1510021229930149