21/07/2014 18:50
Սիրիական զորքերը և ջիհադականները պայքարում են գազի հանքավայրի համար
Սիրիայի կառավարական ուժերը 3 օր շարունակ մարտեր են մղում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» մարտիկների դեմ՝ Հոմսում գտնվող գազի հանքավայրին տիրելու համար:
BBC-ի փոխանցմամբ` սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ մարտերն ընթանում են գազի հանքավայրի և նրա մերձակա տարածքներում:
Մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 270 մարդ:
Չճշտված տվյալներով, բոլոր զոհերը մահապատժի են ենթարկվել ջիհադականների կողմից:
Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմում ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 150.000 մարդ, իսկ միլիոնավոր սիրիացիները դարձել են փախստական:
Ասադին հավատարիմ կառավարական ուժերը շիական և իրանամետ Հզբոլահ լիբանանյան խմբավորման աջակցությամբ աստիճանաբար իրենց վերահսկողությունն են հաստատում կարևորագույն տրանսպորտային հանգույցների և քաղաքների նկատմամբ:
Հունիսի 3-ին Սիրիայում կայացած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ է տարել Բաշար Ասադը: Սիրիայի այդ ընտրությունները տեղի են ունենում քաղաքական նոր պայմաններում և բարեփոխված սահմանադրությամբ: Ասադը նախագահի պաշտոնում վերընտրվել է 2007թ.-ի հուլիսի 17-ի համաժողովրդական հանրաքվեի ընթացքում:
Ասադի թեկնածության օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 97.62%: Բաշար Ասադը Սիրիան ղեկավարում է 2000թ.-ից, երբ մահացավ Սիրիայում 30 տարի իշխանության ղեկին գտնվող նրա հայրը՝ Հաֆեզ Ասադը:
2012 թ.-ի ընդունված նոր սահմանադրությամբ բարելավել է Սիրիայի քաղաքական համակարգը և այն դարձել է ավելի ճկուն ու ժողովրդավարական: Նախկինում նախագահը պետք է առաջադրվեր միայն «ԲԱԱՍ» իշխող կուսակցությունից և նախագահի թեկնածությունը պետք է հավանության արժանանար համաժողովրդական հանրաքվեի ընթացքում:
Այժմ նախագահական լիազորությունները սահմանափակվում են 7 տարվա երկու ժամկետներով: