21/07/2014 20:17
Անկարան Կիպրոսի հարցում կիրառելու է «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը երկրի ղեկավարի պաշտոնում իր վերջին այցն է կատարել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և հանդիպել նախագահ Դերվիշ Էրողլուի հետ:
Թուրքիայի նախագահը Էրողլուի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Կիպրոսի խնդիրը՝ իրենց ընդհանուր խնդիրն է և Թուրքիան այդ հարցում շարունակելու է աջակցել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը:
Անկարան փաստորեն շարունակում է աջակցել իր իսկ կողմից արհեստականորեն ստեղծված հանրապետությանը, որն ամբողջովին կախված է Թուրքիայի ֆինանսական, դիվանագիտական և ռազմա-քաղաքական աջակցությունից:
Թուրքիան 1974 թ.-ին «Атилла» գործողության ընթացքում օկուպացրել է Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, Կիպրոսի հյուսիսում իրականացրել հույների էթնիկ զտումներ և այդ շրջանում տեղակայել է իր ռազմաբազաները:
Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան դատապարտվել է միջազգային տարբեր կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի կողմից, սակայն չնայած միջազգային բացասական վերաբերմունքին Անկարան Հյուսիսային Կիպրոսում ստեղծեց երկրորդ թուրքական պետությունը՝ 1983թ.-ին ճանաչելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:
Այս պահի դրությամբ Հյուսիսային Կիպրոսում է գտվում Թուրքիայի ԶՈւ-րի 11-րդ բանակային կորպուսը, որի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 40.000-ի:
Քանի որ Հյուսիսային Կիպրոսը միջազգայնորեն ճանաչված չէ, բոլոր տնտեսական գործողությունները իրականացվում են Թուրքիայի միջոցով, որտեղ տեղակայված են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեսպանատունը և հյուպատոսարանները: Թուրքիայի բյուջեից յուրաքանչյուր տարի 400 միլիոն դոլար է տրամադրվում տեղի թուրքերին աջակցելու համար:
Փաստորեն, Թուրքիան անտեսելով միջազգային հանրության, ԵՄ-ի պահանջները, որտեղ Անկարան անընդհատ շտապում է, առաջնային է համարել իր ազգային-պետական շահերը և ստեղծել թուրքական երկրորդ պետությունը:
Թուրքիան իր զինված ուժերի օգնությամբ իրականացնում է Հյուսիսային Կիպրոսի վերահսկողությունը: Անկարան իր պանթուրքիստական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից ելնելով Հյուսիսային Կիպրոսի պարագայում առաջնորդվել է «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով, որն այժմ այդքան հաճախ գործածվում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները նկարագրելու համար:
Գյուլի այցը կղզի, այն է վերջին անգամ նախագահի պաշտոնում շատ խորհրդանշական է և ցույց է տալիս, որ Թուրքիան, անկախ քաղաքական վերադասավորություններից, չի փոխելու իր դիրքորոշումը Հյուսիսային Կիպրոսի հարցում և շարունակելու է պահպանել ստատուս-քվո կղզում:
Օգոստոսի 10-ին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններում ամենայն հավանականությամբ հաղթանակ կտանի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ավելի կոշտ պանթուրքական, ազգայնական և նեոօսմանական քաղաքականության կողմնակից է և Կիպրոսի հարցում նույնպես չի գնալու զգալի զիջումների, որոնք կվտանգեն Թուրքիայի երկարաժամկետ ծրագրերը Միջերկրական ծովի այդ հատվածում, որտեղ վերջերս գազի և նավթի զգալի պաշարներ են հայտնաբերվել: