21/07/2014 12:11
Վահագն Չախալյանը` Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա հարձակման մասին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 19-ի երեկոյան հարձակում է տեղի ունեցել Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա: Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել Ջավախքում հայ ակտիվիստ Վահագն Չախալյանը:
Նրա հայտարարությունում ասված է.
«Ջավախահայության անունից դատապարտում ենք 2014 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակումը:
Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի և դատապարտելի է, այլ նաև օրենքով պատժելի:
Արդ, Վրաստանում ազգային և կրոնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով կոչ ենք ուղղում Վրաստանի իրավապահ և քաղաքական մարմիններին՝ անհապաղ բացահայտել, հրապարակել կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործության կազմակերպողների և մասնակիցների ինքնությունը և օրենքի ամենայն խստությամբ նրանց ենթարկել պատասխանատվության:
Այս առիթով վերահաստատում ենք մեր քաղաքական կամքը՝ հնարավոր բոլոր դեպքերում և զարգացումներում, հետևողականորեն շարունակելու պայքարը ջավախահայության և Վրաստանի ամբողջ հայության արդար իրավունքների և անվտանգության պաշտպանության համար»: