22/07/2014 19:05
Լուչեսկու. «Դա ճիշտ չէ, սակայն ֆուտբոլում նման բաներ պատահում են»
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կիսվել է այն ֆուտբոլիստների մասին վերջին տեղեկություններով, ովքեր փախել են ակումբից: Հիշեցնենք, որ «Լիոնի» հետ ընկերական խաղից (1:4) հետո «Շախտյորի» միանգամից 6 ֆուտբոլիստներ հրաժարվել են վերադառնալ Ուկրաինա: Ի դեպ, նրանցից երեքը շուտով կրկին կմիանան «հանքափորներին»:
«Ֆրեդը, Դենտինյոն ու Իսմաիլին շուտով կվերադառնան «Շախտյոր»: Գործակալ Կիա Ջուրաբչյանը, ով ֆուտբոլիստներին համոզել էր ինքնաթիռ չնստել, հրաժարվել է նրանցից,- հայտարարել է Լուչեսկուն «L’Equipe»-ին տված հարցազրույցում:- Նրան հետաքրքրում են Դուգլաս Կոստան ու Ալեքս Տեյշեյրան, ովքեր կարևոր ֆուտբոլիստներ են և որոնց պայմանագրերի ժամկետները «Շախտյորի» հետ կավարտվեն 2018 թ.: Բացի այդ, նրանցից յուրաքանչյուրի փոխհատուցման արժեքը կազմում է 50 մլն եվրո: Ջուրաբչյանը հույս ունի, որ այդ ֆուտբոլիստները կազատվեն պայմանագրային պարտավորություններից: Դա ճիշտ չէ, սակայն ֆուտբոլում նման բաներ պատահում են»:
Ավելացնենք, որ Ջուրաբչյանը մտադիր է Կոստային ու Տեյշեյրային առաջարկել` տեղափոխվելու «Մոնակո»: