23/07/2014 15:24
Արմեն Աշոտյանը հրատարակիչներին կոչ է անում ավելի գրագետ մոտեցում ցուցաբերել
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանրապետության հրատարակիչներից ակնկալում է ավելի գրագետ մոտեցում ցուցաբերել ընթերցողներին գեղարվեստական գրականություն առաջարկելու հարցում, իսկ ծնողներին կոչ անում` իրենց երեխաների համար գրքեր ընտրելիս ուշադրություն դարձնել ոչ միայն ձևավորմանը, այլ, առաջին հերթին, բովանդակությանը: Նման բովանդակությամբ գրառում է կատարել նախարարը Facebook-յան իր էջում:
«Գրախանութներում ներկայացված գրականության մեծ մասը, այդ թվում` «Գլուխը կախ տղան» գիրքը (հեղինակ Հենրիկ Սևան), ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից որպես ուսումնաօժանդակ նյութ չի երաշխավորվել, և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այս գրքի հրատարակման և տարածման հարցում որևէ պատասխանատվություն չի կարող կրել:
Ես հրատարակիչներից ակնկալում եմ ավելի գրագետ մոտեցում ցուցաբերել ընթերցողներին գեղարվեստական գրականություն առաջարկելու հարցում:
Միևնույն ժամանակ, կոչ եմ անում բոլոր ծնողներին` իրենց երեխաների համար գրքեր ընտրելիս ուշադրություն դարձնեն ոչ միայն ձևավորմանը, այլ, առաջին հերթին, բովանդակությանը»: