23/07/2014 18:20
Փոխքաղաքապետ. 2 մլն քմ ասֆալտապատման աշխատանք է իրականացվել
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է շինարարության և բարեկարգման ոլորտում կատարված աշխատանքների, մասնավորապես ճանապարհաշինական խոշորածավալ ծրագրերի մասին:Կամո Արեյանն առանձնացրել է Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր արագընթաց մայրուղու կառուցումը, որն ամբողջությամբ ավարտվեց և շահագործման հանձնվեց ընթացիկ տարվա մայիսին: Ի դեպ, նշվել է, որ սիզամարգերի բարելավման և ընդլայնման ծրագրով նախատեսված 15 հեկտարից միայն 5 հեկտար կազմել է Իսակով-Լենինգրադյան ավտոճանապարհի կանաչ գոտին:
Նշվել է նաև, որ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակում ևս մայրաքաղաքի միաժամանակ մի քանի հատվածներում իրականացվում են ճանապարհաշինական ծրագրեր, այդ թվում Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածի ճանապարհաշինական աշխատանքները:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվել Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի կառուցման ու նախկին երկաթգծի կամուրջը որպես հետիոտնային վերգետնյա անցում վերակառուցելու ծրագրի մեկնարկի ուղղությամբ:
Անդրադառնալով փողոցների, բակերի և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներին ՝ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ այս տարի ընդհանուր առմամբ նախատեսված է շուրջ 2 մլն քմ ասֆալտապատման աշխատանք իրականացնել: Ընդ որում, հիմնանորոգման ենթակա 23 փողոցներից 20-ում հիմնական աշխատանքներն արդեն մեկնարկել են:
«Մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը մշտապես հաշվի է առնվում քաղաքապետարանի կողմից իրականացվող բոլոր ծրագրերում: Պատահական չէ, որ 2014 թվականի ասֆալտապատման աշխատանքների ծավալներում դրանք ևս վառ արտահայտված են. եթե նախորդ տարիներին վերանորոգվող և հիմնանորոգվող փողոցների մեջ զգալի մեծ էր մայրաքաղաքի կենտրոնին բաժին ընկնող փողոցների թիվը, ապա այս տարի հիմնանորոգվող 23 փողոցներից միայն 2-ն են Կենտրոն վարչական շրջաններում, մնացածը ծայրամասային վարչական շրջաններում են»,-ընդգծել է Կամո Արեյանը:
Սահմանված ժամանակացույցով շարունակվում են նաև ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ նորոգման, մայթերի սալիկապատման և եզրաքարերի փոխարինման աշխատանքները, որոնց մոտ 50 տոկոսն ավարտված է: Շուրջ 90 տոկոսով ավարտված է նաև բակային տարածքների ասֆալտապատումը: Նախատեսված ծավալից 600 հազար քմ-ն արդեն ասֆալտապատվել է: