23/07/2014 19:50
Փոխքաղաքապետ. Երևանի վթարային շենքերի համար` 2.7 մլրդ ՀՀ դրամ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, անդրադառնալով 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարններով ապահովելու ծրագրին, ընդգծել է, որ ծրագրի ավարտը նախատեսված է 2015 թվականին: Համայնքային բյուջեից այս տարի այդ նպատակով հատկացվել է 2.7 մլրդ ՀՀ դրամ:
Ընթացքի մեջ են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի վթարային շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքները: 7 վարչական շրջանում ավարտին են մոտենում 200 շքապատշգամբների վերանորոգման և ամրացման աշխատանքները:
«Պատշգամբները բնակիչների բաժնային սեփականություն են, և Երևանի քաղաքապետարանը դրանց վերանորոգման մասով որևէ պարտավորություն չունի: Սակայն, հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու նաև սոցիալական բաղադրիչը, քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով քաղաքապետի նախաձեռնությամբ վթարավտանգ շքապատշգամբների նախագծումն ու վերանորոգումն իրականացվում է համայքնային միջոցներով»,- ընդգծել է Կամո Արեյանը:
Ներկայացնելով թեքահարթակների կառուցման աշխատանքների ընթացքը՝ Կամո Արեյանը նշել է, որ այս տարի համայնքային բյուջեից հատկացված կրկնակի միջոցների շնորհիվ կկառուցվի 185 թեքահարթակ, որից 77-ում աշխատանքներն ավարտվել են և հանձնվել շահագործման:
«Ճանապարհների հիմնանորոգման ընթացքում շինարարների կողմից ևս կիրականացվեն թեքահարթակների կառուցման աշխատանքներ, ինչը տարեվերջին էապես կմեծացնի մայրաքաղաքում առկա թեքահարթակների թիվը՝ դրանք հասցնելով մոտ 300-ի»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Բակերի բարեկարգման ծրագրի ընթացքի վերաբերյալ նշվել է, որ այս տարի նախատեսված շուրջ 600 բակերից առաջին կիսամյակում ամբողջությամբ բարեկարգվել և մանկական ու մարզական խաղագույքով է համալրվել 140 բակ: