23/07/2014 18:42
Կ. Արեյան. 1000 զինծառայողների ծնողներ այցելել են սահմանամերձ զորամասեր
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կոմունալ տնտեսության ոլորտում 2014-ի առաջին կիսամյակում նախատեսված և կատարված աշխատանքներին՝ անդրադարձել է Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակում ընթացող աշխատանքներին:
Խոսելով բազմաբնակարան շենքերի խնդիրներից՝ նշվել է, որ 304 շենքերում իրականացվել է 38504 քմ մակերեսով հարթ, 370 շենքերում՝ 23735 քմ թեք տանիքի վերանորոգում: Շքամուտքերի վերանորոգման ծրագրում ընդգրկված 727 շենքերից աշխատանքներն ավարտված են 416-ում: Ընթացքի մեջ է արտաքին լուսավորության ցանց չունեցող 24 փողոցների և ավելի քան 100 բակային տարածքներում լուսավորության վերականգնման աշխատանքները:
2014 թվականի առաջին կիսամյակում 16-րդ թաղամասի 21 շենքերի գազիֆիկացման ծրագրի շրջանակում 8 շենքեր ամբողջությամբ գազիֆիկացված են:
Սոցիալական ապահովության ոլորտի կիսամյակային աշխատանքների մասին խոսելով՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ պետության կողմից նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են 100 տոկոսով: Համայնքային բյուջեով իրականացված ծրագրերի արդյունքում համապատասխան աջակցություն է ցուցաբերվել շուրջ 5000 ընտանիքի: Սոցիալական աջակցության ծրագրերում առանձնացվել է երևանաբնակ 1000 զինծառայողների ծնողների այցը սահմանամերձ զորամասեր: Երևան քաղաքում բնակվող սիրիահայերի ընտանիքներին սոցիալական աջակցության ցուցաբերման գործընթացի վերաբերյալ նշվել է, որ դրամական աջակցություններ են տրամադրվել 85 ընտանիքի: Կենցաղային իրեր, հագուստեղեն, կոշկեղեն, գրենական պիտույքներ են տրամադրվել 441, պարենային աջակցություն՝ 293 ընտանիքների: