23/07/2014 14:13
«Միկա Ցեմենտը» նոր սեփականատեր ունի՞. ՎՏԲ բանկից չեն մեկնաբանում
Արդեն մեկ տարի է, ինչ «Միկա ցեմենտ» գործարանը ՎՏԲ բանկի սեփականությունն է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին «Միկա ցեմենտի» գործարանից:
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե «Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի: Գործարանը գնել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը և պատրաստվում է գործարկել:
Aysor.am-ը փորձեց տեղեկությունը պարզել «Միկա ցեմենտի» գործարանից, որտեղից պատասխանեցին, որ նման տեղեկություն չունեն և բոլոր հարցերի պարզաբանման համար պետք է կապվել ՎՏԲ բանկի հետ:
ՎՏԲ բանկից, սակայն, հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել տարածված լուրերը:
Հիշեցնենք, որ ՎՏԲ բանկի կողմից 2013թ-ին ֆինանսավորում էր տրամադրվել` (գումարը չի նշվել) ընկերության կրեդիտորական պարտքերի կատարման նպատակով, այդ թվում` բնական գազի, աշխատավարձերի և այլ պարտքերի մարման, ինչպես նաև սարքավորումների կարգավորման և «Միկա Ցեմենտ» գործարանի գործարկման և շահագործման համար այլ ծախսերի իրականացման նպատակով:
Ըստ որոշ տեղեկությունների, գործարար Միքայել Բաղդասարովը «Միկա Ցեմենտը» ՎՏԲ բանկին էր փոխանցել «Արմավիա» ավիաընկերության պարտքերի դիմաց։
Հավելենք նաև, որ այս տարվա հունիսին գործարանի աշխատողները բողոքի ակցիա էին անում` պահանջելով իրենց մի քանի ամսվա աշխատավարձը: