23/07/2014 16:28
Եթե Հայաստանը պահանջատերի կեցվածք ընդունի, դա միայն օգուտ կբերի. Գիմիշյան
Մեկ անգամ ևս պնդում եմ, որ սահմանային լարվածությունը կապված է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումներին ու սահմանում առաջացած լարվածությանը:
«Այս լարվածությունն ուղղակի կապված է նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի կայացրած մեր որոշման հետ: Եթե դիտարկենք դա զուտ Հայաստանի շահերից, ապա երբ Հայաստանն ընդդիմանում է մի կենտրոնի, ԼՂՀ հարցի հետ կապված, առաջարկներ և լուծման նոր բանալիներ են ի հայտ գալիս: Առաջ են քաշվում նոր գաղափարներ, որոնք մեկը մյուսից նպաստավոր են դառնում: Հայաստանը Եվրոպայի աչքում միշտ ագրեսոր էր, իսկ այսօր այդ նույն Եվրոպան հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Մենք միշտ երազում էինք, որ Եվրոպան ԼՂՀ-ն ընդունի մաքուր ինքնորոշմամբ, բայց այսօր արդեն պատրաստ է այն ճանաչել 7 շրջանների վերադարձով»,- նշեց նա՝ ընդգծելով, որ եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ Հայաստանը մի քանի տարի հետ ԼՂՀ-ի հետ կապված ընդհանրապես խնդիր չունենա:
«Պարզապես մեր իշխանությունները պետք է կարողանան ճկուն քաղաքականություն վարել: Եթե Հայաստանն առաջնորդվի զուտ իր ներքին հնարավորութունների շահերով՝ մենք միշտ ունենալու ենք ավելի բարենպաստ լուծումներ: ԼՂ հարցը միշտ էլ կարևորգույն խնդիր է մեզ համար, որի լուծումն արդեն ուրվագծվում է հօգուտ Հայաստանի»,- ավելացրեց նա:
Գիմիշյանի խոսքով՝ հայաստանյան իշխանությունների դիրքորոշումը, անկախ նրանից, թե որ կառույցում կընդգրկվեն, պետք է լինի հայամետ: Իսկ դա, նրա համոզմամբ, թույլ կտա իշխանություններին հաղթահարել ոչ միայն սահմանի լարվածությունը, այլև քաղաքական գիծը ճիշտ վարել:
«Ճկուն իշխանությունը միշտ էլ կարող է ժողովրդի վստահությանն արժանանալ: Իսկ այդ ճկունությունը պետք է միշտ լինի հայամետ, որպեսզի կարողանան բոլորին համախմբել: Ես հասկանում եմ, որ հնարավոր է ստատուս քվոն ձգձգվի ևս 20 տարի, սակայն այդ ընթացքում չի բացառվում, որ տարածքների մասին ընդհանրապես խոսք չլինի»,- ասաց նա:
Ըստ Գիմիշյանի՝ Արևմուտքի ակտիվանալը միայն ավելի է սրում իրավիճակը, սակայն տարածքների վերադարձը ձեռնտու չէ ո′չ Ադրբեջանին, ո′չ էլ առավել ևս՝ Հայաստանին:
«Այլ բան է իշխանության ցանկությունը, այլ բան՝ ժողովրդի ցանկությունը: Եթե Հայաստանը պահանջատերի կեցվածք ընդունի, դա միայն օգուտ կբերի մեզ: Մեր իշխանություններն ուր ուզում են գնան, որ կառույցում էլ ընդգրկվեն, պետք է սեփական շահով առաջնորդվեն: Հակառակ դեպքում դա վատ անդրադարձ կունենա մեր երկրի պետականության վրա: Մենք պետք է հասկանանք, որ աշխարհը նույնն է մնացել: Ի՜նչ Արևելք, ին՜չ Արևմուտք, ի՜նչ Եվրոպա... Ես կոնկրետ կուզենայի, որ մենք ընկերություն անեինք Արևելքի հետ: Դա թույլ կտա մեզ պահպանելու մեր տեսակը և զարգացնել երկրի տնտեսությունը: Բայց, ցավոք սրտի, մենք այսօր կանգնել ենք ընտրության առջև, իսկ ամենավատն այն է, որ այդ ընտրությունն ամենավատն է»,-եզրափակեց նա: