23/07/2014 15:40
Վարդան Պետրոսյանը հրաժարվում է պատասխանել տուժող կողմի փաստաբանի հարցերին
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը:
Դատարան չեն ներկայացել տուժողներն ու տուժողների ներկայացուցիչները, իսկ Վ. Պետրոսյանին սատարելու են եկել «Նախախորհրդարանի» անդամներ և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նիստի սկզբում Վ. Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ վերջին դատական նիստից հետո տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը անպատվել է իր պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին՝ ստեղծելով փողոցային վիճակ և այդ կոնֆլիկտի մեջ ներքաշել Հակոբյան ընտանիքին:
«Դա արվել է՝ չնայած նրան, որ իմ պաշտպանն անցյալ դատական նիստի ընթացքում իմ խնդրանքով, հետ վերցրեց իր միջնորդությունը Հակոբյան ընտանիքի դեմ, որը ես դիտարկում եմ որպես հաշտության եզրեր գտնելու փորձ: Սա ես դիտարկում եմ որպես սադրիչ գործողություն, որը նպատակ ունի խափանելու հաշտության եզրեր գտնելուն ուղղված քայլերը՝ ստեղծելով կոնֆլիկտային վիճակ»,- ասաց Վ. Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ինքը այսուհետ հրաժարվում է պատասխանել Ռուբեն Բալոյանի հարցերին և վերջինիս չի ընդունում որպես իրավաբան-փաստաբան:
Հիշեցնենք, որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242 Հոդվածի 3 Մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Նախորդող հրապարակում՝ Փորձագետ. Վարդան Պետրոսյանի վարած մեքենան է եղել վթարի պատճառը