24/07/2014 16:00
«Բոինգ-777»-ի վթարին մեղսակից են Ռուսաստանի հատուկ ծառայությունները
Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Վիկտոր Յագունը հայտարարել է, որ իրենց ծառայությունը անհերքելի տեղեկություններ ունի, որ «Բոինգի-777»-ի կործանմանն ուղղակի մեղսակից են Ռուսաստանի Հետախուզության գլխավոր վարչությունը և Անվտանգության դաշնային ծառայությունը:
Unian.net-ի փոխանցմամբ՝ Յագունը նշել է, որ մալազիական ինքնաթիռի կործանման մեջ մեղավոր է Ռուսաստանի ԳՇ-ի Հետախուզության գլխավոր վարչությունը, որը ղեկավարում է Ուկրաինայի տարածք ծանր տեխնիկայի տեղափոխությունը, ինչպես նաև՝ Անվտանգության դաշնային ծառայությունը, ով համակարգում է Ղրիմից ուկրաինական ԶՈւ-րին նախկինում պատկանող զենքերի տեղափոխությունը Ուկրաինա:
Յագունը նշել է, որ ԱՄՆ-ի արբանյակները ֆիքսել են այն տեղը, որտեղից արձակվել է հրթիռը և որտեղ է հրթիռը հանդիպել ինքնաթիռին:
Հիշեցնենք, որ մալայզիական ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվել է 295 մարդ, վթարի է ենթարկվել Ուկրաինայի տարածքում՝ ՌԴ-ի հետ սահմանին։
«Բոինգ» ինքնաթիռը թռչում էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր: Ինքնաթիռը ընկել է ՌԴ օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա։ Այն ընկել և այրվել է Ուկրաինայի տարածում։
Ինքնաթիռը ընկել է այն հատվածում, որտեղ Ուկրաինայի իշխանությունները պայքարում են ռուսամետ անջատողականների դեմ։ Ինքնաթիռի «սև արկղերը» հայտնաբերվել են և տրամադրվել են միջազգային փորձագետներին վերծանման համար: